Ռուս-թուրքական գործակցությունը նոր փուլում. Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը


Ռուս-թուրքական գործակցությունը նոր փուլում. Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը

  • 02-09-2019 11:16:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am  զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 
Պարոն Մելքոնյան, Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են 5-րդ սերնդի «Սու» կործանիչների մատակարարման շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ընդհանրապես ռուս-թուրքական մերձեցումն ու թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլը։
 
Նախևառաջ, այս գործընթացը արդեն որերորդ անգամ խոսում է փոփոխվող իրավիճակի և հարաբերությունների մակարդակի մասին։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները աշխարհը և քաղաքագիտական հանրությանը սովոր է գնահատել ավելի այլ ստանդարտներով, որի շրջանակներում այդ հարաբերությունները մեծ և փոքր եղբոր հարաբերությունների էին նմանվում։ Արդեն տևական ժամանակ է, որ դա, ըստ էության, փոխվել է։ Բացի այդ, այս ամենը ցույց է տալիս  պրագմատիկ շահի գերակայությունը դաշնակցային հարաբերությունների նկատմամբ։ Իսկ ո՞րն է պրագմատիկ շահը. եթե երկու պետությունների կտրվածքով նայենք, ապա Ռուսաստանը հայտնի է որպես ռազմարդյունաբերություն ունեցող և բնականաբար, արտաքին շուկա ընտրող պետություն, և Թուրքիան բացի քաղաքական նպատակներից, նաև շուկա է, որտեղ կարող է վաճառել իր ապրանքը, զենքը։ Երկրորդ, Ռուսաստանի համար շահեկան է հերթական սեպը խրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Այդ սեպը կլինի իրական, թե կլինի հասարակական ընկալումների մակարդակով, այնուամենայնիվ, քարոզչական դաշտում դա այդպես էլ ընկալվում է։
 
Իսկ եթե Թուրքիայի տեսանկյունից նայենք, ապա Թուրքիան, ձգտելով անկախության, այսինքն հավակնելով գերտերության մակարդակի, բնական է, որ պետք է տարբեր ոլորտներում իր անկախությունը, ինքնուրույնությունն ապացուցող քայլեր անի։ Եվ եթե Թուրքիան կարողացավ հասնել նրան, որ ռուս-թուրքական բանակցությունները ավարտվեցին C-400-ների մատակարարման գործարքով, և թուրք-ամերիկյան հարաբերությունները դրանից փոխվեցին, ապա C-400-ից հետո տարբեր ոճի զինատեսակների առքուվաճառքը, կարծում եմ, պետք է համարել սովորական։ Բացի այդ, այստեղ կա նաև մյուս հնարքը, որ ԱՄՆ-ն սպառնում էր Թուրքիային զրկել F-35 ինքնաթիռներից, և ռուսական համեմատական համարժեք ինքնաթիռի ձեռքբերումը նաև որոշակի պատասխան էր ամերիկյան սպառնալիքներին։ Կարծում եմ՝ քաղաքագիտական նոր իրականության մեջ թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական հարաբերությունները պետք է նաև վերարժևորվեն և նախկին գնահատականները փոխվեն, քանի որ իրականությունն է արդեն փոխվել։
 
Էրդողանին հաջողվել է կասեցնել Սիրիայի բանակի հաղթական ընթացքը, սպառազինությունների ցուցահանդեսին մասնակցելուց հետո։ Ընդհանրապես ինչ է սպասվում Սիրիային այս հարցում։
 
Ես վստահ եմ, որ թուրք-ռուսական հարաբերություններում որքան կան դրական միտումներ ռազմարդյունաբերության, տնտեսության և այլ ոլորտներում, նույնքան, եթե ոչ ավելի շատ, կան տարաձայնություններ տարբեր հարցերում։ Այդ տարաձայնությունների մի մասը տեսանելի է, մի մասը գտնվում է սաղմնային վիճակում, մի մասը ունի բորբոքվելու պոտենցիալ։ Այնուամենայնիվ, այդ տարաձայնությունները կան, որովհետև տարբեր հարցերում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, մոտեցումները էականորեն տարբեր են, նրանք գտնվում են հակադիր բևեռներում։ Սիրիայի պարագայում դա շատ լավ դրսևորվում է կամ պայմանավորվածությունները խախտելու ոճի մեջ, կամ տարբեր տարածքների նկատմամբ հավակնությունների առկայությամբ։ Տեսնում ենք, որ չնայած թուրք-ռուսական համաձայնություն կա Սիրիայի պարագայում, սակայն թուրքերը տարբեր պատրվակներով փորձում են առաջխաղացում արձանագրել նաև ռազմական տեսանկյունից, ինչն ուղիղ հակադիր է ռուսական շահերին: Եւ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ թուրքական առաջխաղացումները կամ նկրտումները հանդիպեցին ռուս-սիրիական պատասխանի և իրավիճակի թուրքական հանգուցալուծման կանխմանը։
 
Բայց սա շարունակական պրոցես է, և կարող են անընդհանտ դրևորումներ լինեն։ Կարծում եմ՝ Թուրքիան լինելով ծավալապաշտական երկիր, միշտ փորձելու է առաջ գնալ, բանակն առաջ տանել և տարբեր տարածքներ օկուպացնել։ Հուսով եմ, որ ռուսական շահերը հակընդդեմ լինելով դրան, պետք է ստիպեն, որ ռուսներն էլ անեն հակառակ քայլեր, ինչն այս պարագայում մենք տեսանք։ Այսինքն, երկու կողմերն էլ ցույց տվեցին իրենց նկրտումները, և Թուրքիան հերթական անգամ ստիպված է լինելու կասեցնել իր նկրտումների առաջխաղացումը։
 
Այս առումով ի՞նչ է սպասում տարածաշրջանին և մասնավորապես Հայաստանին՝  հաշվի առնելով։
 
Եթե տարածաշրջան ասելով հասկանում ենք լայն իմաստով տարածաշրջան, ապա արդեն իսկ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները ուղղակիորեն վերաբերում են մեզ այն առումով, որ այնտեղ փաստորեն բախվում են մեր դաշնակցի և մեր ոչ բարեկամ հարևանի շահերը։ Սիրիայում կա հայկական համայնքի խնդիր, կա հայկական մշակութային գործոն և այլն։ Իսկ եթե ավելի նեղ տարածաշրջանին վերադառնանք, ապա կարծում եմ՝ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումներն այստեղ նույնպես շարունակական բնույթ ունեն, և ամեն պահի այդ ապակառուցողական տեսական հայացքները կարող են դառնալ գործնական։ Դա կարող է լինել Նախիջևանի պարագայում, կարող է լինել մեկ այլ պարագայում։ Այնուամենայնիվ, այդ սպառնալիքը կա։
 
Եթե դիտարկենք այս փոքր տարածաշրջանը, ապա ռուս-թուրքական հարաբերությունները այստեղ նույնպես հակընդդեմ են, տարբեր բևեռներում են գտնվում։ Կոնկրետ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, Նախիջևանում և այլն։ Կարծում եմ, որ այդ շահերի հակադիր լինելը նույնպես շարունակվելու է։
 
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական ջերմացմանը, ես կրկին ուզում եմ վերհիշենք, որ այդ ջերմացումը չի վերաբերում հարաբերությունների ողջ սպեկտրին։ Դա վերաբերում է հարաբերությունների որոշակի ուղղությունների՝ տնտեսական, ռազմարդյունաբերական և այլն։ Այն խնդիրները, որոնք ուղղակիորեն կարող են վերաբերել մեզ և մեզ անհանգստացնել, կարծում եմ՝ այս պահին դեռ գտնվում են ռուս-թուրքական շահերի հակադիր բեռևներում։ Դա ամենևին չի նշանակում, որ պետք է մեր զգոնությունը թուլացնենք, քանի որ մեծ խաղերի ժամանակ փոքր երկրների շահերը շատ արագ և հեշտությամբ ոտնահարվում են։ Մենք պետք է կարողանանք ամեն կերպ մեր շահերը դիվանագիտական և այլ ասպարեզներում ճիշտ հաշվարկներով պաշտպանենք։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ