ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայքլ Ջեքսոնի անձնական
բժիշկ Կոնրադ Մյուրրեյը ուժեղ քնաբեր է ներարկել երգչին, ինչն էլ,
ըստ հետաքննության տվյալների, պոպ-արքայի մահվան պատճառ է դարձել,
հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»` վկայակոչելով ոստիկանական անանուն
աղբյուր: Կանխավ դոկտոր Մյուրրեյի փաստաբան Էդվարդ Չեռնոֆֆը
«բացարձակ սուտ» էր համարել այն հաղորդումները, թե բժիշկը մահվանից
առաջ երգչին ուժեղ ցավազրկող է ներարկել:
Ինչպես պարզել են քննիչները, Ջեքսոնը կանոնավոր պրոպոֆոլ
քնաբեր է ընդունել երկու տարի շարունակ: Բժիշկն ամեն երեկո այդ
դեղամիջոցի ներերակային ներարկում է արել երգչին քնելուց առաջ:
Մայքլի մահվան օրը` հունիսի 25-ին, Կոնրադ Մյուրրեյը դարձյալ
քնաբեր է ներարկել Ջեքսոնին:
Ներկա պահին թունաբանական փորձաքննության տվյալների հիման վրա
մասնագետները կարծում են, որ պրոպոֆոլ քնաբերը դարձել է Մայքլ
Ջեքսոնի սրտի կանգ առնելու պատճառ` հանգեցնելով երգչի մահվանը: