Օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայտերի ընդունումն ավարտվել է
02-10-2019 14:29:05 | Ճապոնիա | Սպորտ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեն ավարտել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայտերի ընդունումը: Սկսած այս տարվա հունիսից՝ Տոկիո-2020-ի կազմակերպիչները 535.717 հայտ են ստացել Ճապոնիայի բնակիչներից: Կընտրվեն 10.000 ջահակիրներ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգությունից: Հաղթողների անունները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին:
Օլիմպիական կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում կմեկնարկի 2020թ. մարտի 26-ին: Սկզբում օլիմպիական ջահը կուղեւորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնից: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Ավելի վաղ Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել էին օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»: