Պուտինի երեւանյան խոստովանությունը. նա փայլուն խճճեց ամեն ինչ


Պուտինի երեւանյան խոստովանությունը. նա փայլուն խճճեց ամեն ինչ

  • 02-10-2019 13:59:30   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ցանկանում եմ ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Դրանք ամրակցված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ», Երեւանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ժամանել էր ԵՏՄ Վեհաժողովի առիթով:
 
Այցը Պուտինի համար առաջինն էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Այդ այցին նախորդում էր Հայաստանի նոր իշխանության, մասնավորապես վարչապետ Փաշինյանի դեմ բավականին ուժգին հակաքարոզչություն, ընդ որում ամենատարբեր ուղղություններից եւ համատեքստերով: Օրինակ, հեղափոխության դեմ դիրքավորված նախկին իշխանության շրջանակները «գուժում» էին հայ-ռուսական հարաբերության տապալում ու կաթված, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի աջակցության շրջանակը տարածում էր, որ Պուտինը, դժգոհ լինելով նրա հանդեպ քրեական հետապնդումից, չի ժամանելու Երեւան, անգամ տեղափոխելու են ԵՏՄ Վեհաժողովը, կամ ժամանելու է պայմանով, որ հանդիպի Քոչարյանի հետ:
 
Կար նաեւ հեղափոխության աջակցության դիրքերից ներկայացող շրջանակ, որը Պուտինի այցին ընդառաջ խոսում էր Նիկոլ Փաշինյանի դեմ Կրեմլի դավադրության կամ հակահեղափոխության, հեղաշրջման փորձի մասին:
 
Պուտինը ժամանեց, մասնակցեց ԵՏՄ Վեհաժողովին, դրա եւ ԵՏՄ արդյունավետության բարձրացման ջանքի համար անձնապես շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, դրական գնահատեց հայ-ռուսական հարաբերության ընթացքը, փաստացի խճճելով այն ամենը, ինչ հայաստանյան մեդիափորձագիտական դաշտում ծավալվում էր այցին ընդառաջ:
 
Ընդ որում, հատկանշական է Պուտինի երեւանյան փաստացի «խոստովանությունը», կամ այսպես ասած նախկին համակարգի «դուրսգրումը»: Խոսքն այն մասին է, որ նա հայ-ռուսական հարաբերության ռազմավարական բնույթի ամրակցվածությունը պայմանավորում է «ոչ միայն» նախկին տարիների աշխատանքով, այսինքն «ոչ միայն» նախկին իշխանությամբ, այլ ավելի խորը՝ ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ:
 
Այլ կերպ ասած, Պուտինը հայ-ռուսական հարաբերության «երաշխավորման» հարցում «դուրս է գրում» նախկին իշխող համակարգն ու դրա լիդերներին, արձանագրելով, որ այդ հարաբերության ռազմավարական բնույթը նրանցից չէ, որ կախված է, եւ ընդհանրապես անձից չէ, որ կախված է: Այստեղ առերեւույթ «դուրս է գրվում» նաեւ Փաշինյանը, բայց իբրեւ անձ, որովհետեւ նա մնում է իբրեւ ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ: Այն ժողովրդի, որի հետ ռուս ժողովրդի «բազմադարյա» բարեկամությունը Պուտինը դիտարկում է երկկողմ ռազմավարական հարաբերության հիմք եւ գրավական:
 
Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ զրույցը եղել է փայլուն, հետո նաեւ 1,5 ժամ զրուցել են օդանավակայանում՝ Պուտինի մեկնելուց առաջ, եւ հայ-ռուսական հարաբերությունը դինամիկ զարգացման փուլում է:
 
Թերեւս պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանը «փայլուն» է գնահատում զրույցը, ոչ թե հարաբերությունը: Հարաբերության հարցին տրվում է շատ ավելի զուսպ դրական գնահատական: Որովհետեւ ակնառու է, որ հայ-ռուսական հարաբերությունը փայլուն չէ, եւ հաշվի առնելով դրա վերջին երկու-երեք տասնամյակի պատմությունն ու բնույթը՝ այդպիսին չի էլ կարող լինել:
 
Դա ամենեւին չի նշանակում, որ այժմ հարաբերությունը տապալված է, ձախողված կամ խորտակված: Հակառակը, կա այն վերաձեւակերպելու եւ նույնիսկ «փրկելու» անհրաժեշտություն, որովհետեւ մինչ այդ եղած տրամաբանությամբ ու բնույթով շարունակվելու դեպքում այն անխուսափելի գնալու է դեպի խորքային ճգնաժամ: Ավելին, այն թերեւս արդեն իսկ այդ փուլում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից առաջ:
 
Եվ թավշյա հեղափոխության հանդեպ իր լոյալությամբ Պուտինն ըստ ամենայնի փորձում էր հայ-ռուսական հարաբերությունը փրկել հենց ճգնաժամի մեջ վերջնականապես թաղվելուց: Դա չի նշանակում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դուր է գալիս Պուտինին: Բայց նա անշուշտ լավ է պատկերացնում տեղի ունեցողի անհրաժեշտությունը նաեւ իր, նաեւ ՌԴ համար: Նա անշուշտ դիմադրելու է, փորձելով վերահսկելի եւ կառավարելի պահել գործընթացը: Բայց, միեւնույն ժամանակ ակնառու է, որ հղում անելով «ժողովուրդների բարեկամության» հենքին, Պուտինը խոստովանում է, որ չկա այլ հենարան:
 
Ընդ որում, Պուտինն առաջին անգամ չէ, որ անում է այդ հղումն ու խոստովանությունը: Նախորդ տարի դեկտեմբերի մեծ ասուլիսում նա հայտարարել էր, որ հայ ժողովուրդը Կովկասում ռուս ժողովրդի մերձավորագույն դաշնակիցն է եւ հուսով է, որ այդպես էլ կլինի՝ «Աննախադեպ խոստովանություն. Պուտինը դիմեց հայ եւ ռուս ժողովուրդներին»:  Երեւանում նա փաստացի կրկնում է խնդիրը, գործնականում խճճելով այն մթնոլորտը, որ առկա է հայ-ռուսական հարաբերության գնահատման եւ դիտարկման հասարակական-քաղաքական շրջանակում: Այդ հարաբերությունը պետք է անցնի վերափոխման ու առողջացման բարդ ճանապարհ, բավական հակասական ընթացքով՝ «փայլուն զրույցներով» եւ դիրքային պայքարով: Գործնականում, Պուտինի հայտարարությունն այն մասին էր, որ այդ բարդ խնդրում ընդհանուր շահերի եւ նաեւ տարակարծությունների շրջանակում, թե ինքը, թե Փաշինյանը, չունեն այլ աջակից սուբյեկտ եւ հենարան, քան ժողովուրդները, իհարկե արդեն յուրաքանչյուր կողմի «մենթալ» առանձնահատկությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն