Ալիեւի վառոդի տակառը. խաբեության վերջն Ադրբեջանում


Ալիեւի վառոդի տակառը. խաբեության վերջն Ադրբեջանում

  • 26-11-2019 14:33:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի իշխանությունը ի վերջո ստիպված է լինելու ճանաչել ռեգիոնալ իրողությունը, ինչն էլ թույլ կտա Կովկասում հաստատել հարատեւ խաղաղություն, Ստեփանակերտում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայլիյանը, ով մասնակցել է  Հայաստանի եւ Արցախի միավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի  Հայաստանի ու Արցախի խորհրդարանների համատեղ հռչակագրի ընդունման 30-ամյակի առիթով կլոր սեղանին:
 
Առհասարակ հայաստանյան հասարակությունը խաղաղություն ասելով հասկանում է խաղաղություն, պատերազմի եւ կրակոցների բացառում, իրենց բնակչությունը խաղաղություն ասելով հասկանում է այդ նույնը, բայց միայն այն բանից հետո, երբ հայկական զինուժը դուրս կգա տարածքներից,կվերադառնան ադրբեջանցիները եւ այլն: Այդ միտքը Բաքվից վերադարձից հետո արտահայտել է Արցախի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ Էդգար Էլբակյանը, պատմելով Ադրբեջանում ունեցած շփումների մասին: Էլբակյանը եղել է մեկը հայ երեք լրագրողներից, որոնք լագրողների փոխանակման հայելային ծրագրով այցելել են Ադրբեջան: Ադրբեջանի երեք հոգանոց խումբն էլ եղել է Հայաստանում ու Արցախում:
 
Փոխանակման այցը տեղի է ունեցել Վիեննայում տարեսկզբին Փաշինյան-Ալիեւ հանդիպման պայմանավորվածությունների համատեքստում, նախապատրաստվելով մի քանի ամիս: Դա տեղի է ունեցել հանրություններին խաղաղության պատրաստելու տրամաբանության շրջանակում:
 
Սակայն, դատելով Ադրբեջան այցելած հայ լրագրողների գնահատականներից, Ադրբեջանի հանրությունը ունի խաղաղության ցանկություն, սակայն թյուր է պատկերացումը իրատեսական խաղաղության մասին: Գործնականում, նրանց խաղաղության պատկերացումը հայկական կողմի կապիտուլյացիան է, եթե բառի ոչ բուն, ապա ռազմա-քաղաքական իմաստով:
 
Մինչդեռ հարատեւ խաղաղությունն այն է, ինչի մասին խոսում է Արցախի արտգործնախարարը՝ ռեգիոնալ իրողությունների ճանաչում եւ արձանագրում:
 
Ադրբեջանի հանրության խնդիրն այստեղ այն է, որ տարիներ շարունակ, առնվազն թերեւս մոտ երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանությունը հետեւողականորեն ներդրել է հայատյացության եւ պատերազմի առավելության «գաղափարը», անգամ այն բանից հետո, երբ այդ խոփը 2016 թվականի ապրիլին դեմ առավ հայկական զինուժի քարին:
 
Ադրբեջանի իշխանությունն իր ռազմա-քաղաքական պարպումն ու փակուղին փորձեց հանրության շրջանում ներկայացնել իբրեւ հաղթանակ, դարձյալ սնուցելով պատերազմի գաղափարն ու խաղաղության այն պատկերացումը, որը հիմնված է հայկական կողմի ռազմա-քաղաքական կապիտուլյացիայի տրամաբանության վրա:
 
Միեւնույն ժամանակ, սակայն, իրադարձությունների ընթացքը թե Հայաստանի, թե համաշխարհային քաղաքականության առումով ստացավ այնպիսի բնույթ, որ Ադրբեջանի ղեկավարության համար ավելի ու ավելի բարդ է սեփական հանրությունից թաքցնել փակուղին, եւ չի մնում ադրբեջանական հանրությանը խաղաղության պատրաստելու այլընտրանք: Իրական, այսինքն ոչ թե հայերի հաշվին, այլ իրողությունները ճանաչելու միջոցով խաղաղության այլընտրանք:
 
Մինչդեռ դա՝ հաշվի առնելով նախորդ քառորդ դարի փորձը, չափազանց բարդ խնդիր է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության համար: Այդ ղեկավարությունն իր քաղաքական եւ իշխանական շահի տրամաբանությամբ այն աստիճան է սեփական հանրությանը ներարկել ատելություն հայելի նկատմամբ, ու նաեւ առավելության անհիմն զգացում, որ այժմ խոսք կարող է լինել ոչ թե խաղաղության պատրաստելու, այլ մի շարք շրջանակների անգամ խաղաղության «վարժեցնելու» մասին:
 
Ինչպես հայտնի խոսքն է՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենք, Ադրբեջանի իշխանության պարագայում այն հակառակն է՝ Բաքվի իշխանությունն այլեւս պատասխանատու չէ նրանց համար, ում վարժեցրել է ատելության:
 
Մինչդեռ, դա խնդիր է ոչ միայն հայկական պետականության համար, այլ նաեւ հենց ադրբեջանցիների, որովհետեւ նրանց գրեթե ինքնություն են դարձրել վառոդի տակառը, մի ամբողջ հանրություն նստեցրել են վառոդի տակառի վրա:
 
Ադրբեջանի ժողովուրդը չունի Արցախի խնդիր, անգամ խաղաղության խնդիր չունի: Խնդիրը շատ ավելի պարզ է՝ իջնել վառոդի տակառից, որի վրա նստեցրել է սեփական իշխանությունը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն