Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
30-11--0001 00:00:00 | |
Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։
Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարևոր ուղղությունների և առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։
Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: