Իշխանությունը դաժան արագությամբ կրկնում է ոչ միայն նախորդների սխալները, այլ անում է սեփական, այլևս անդառնալի սխալներ


Իշխանությունը դաժան արագությամբ կրկնում է ոչ միայն նախորդների սխալները, այլ անում է սեփական, այլևս անդառնալի սխալներ

  • 03-02-2020 14:14:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
 
Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել վարչապետի աշխատակազմի և ՍԴ միջև լարվածության բարձր մակարդակի վերաբերյալ։ Նրանք նշել են, որ զսպումներն ու հակակշիռները անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Այս հայտարարությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները, նաև ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության իմքայլական անդամները նշել են, որ համաձայն են համազեկուցողների հետ, և որ նրանց հայտարարություններում որևէ քննադատություն ՀՀ իշխանությունների հասցեին չկա։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, այնտեղ կա՞ նախազգուշացում ուղղված ՀՀ իշխանություններին։
 
Երբ որևէ միջազգային կառույց հայտարարություն է անում, այդ հայտարարությունից անմիջապես հետո հայաստանյան ներքաղաքական գործընթացները ինձ մոտ դեժավյուի տպավորություն են արթնացնում, որովհետև նույն կերպ հանրապետական իշխանությունը փորձում էր` լինի ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, լինի տնտեսական ցուցանիշներին վերաբերող որևէ միջազգային կառույցի գնահատական, այսպես քջուջ անել, այդ հայտարարությունից պեղել իր համար շահեկան հատվածները և փորձել այդ հայտարարությունը ներկայացնել որպես իշխանության աննախադեպ հաղթանակ։ Իսկ եթե չէր ստացվում այդպես ներկայացնել, որովհետև հայտարարությունը ակնհայտ քննադատում էր իշխանությանը, ապա հանրապետականները մի շաբլոն նախադասություն ունեին, որ, օրինակ, ԵԽԽՎ հայտարարությունները իրավական որևէ ուժ չունեն, ընդամենը խորհրդատվական հայտարարություններ են։ Իսկ եթե այդ հայտարարությունները բխում էին ՀՀԿ-ի սրտից, ապա դրանք դառնում էին դարի ամենակարևոր հայտարարությունները։ Ես շատ ցավում եմ, որ իշխանությունը ևս օգտագործում է մանիպուլյատիվ այդ գործիքը, հայտարարությունից պեղվում են դրական կետեր, կամ հայտարարությունը փորձ է արվում ներկայացնել այնպես, ինչպես իրենց հարմար է։ Ակնհայտ է, որ կա մտահոգություն համազեկուցողների հայտարարության մեջ։ Չնայած ես շատ կցանկանայի, որ համազեկուցողների հայտարարությունները չնմանվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, երբեմն իրենց լղոզած հայտարարություններով, բայց ակնհայտ է, որ մտահոգություն կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մտահոգություն կա նաև ՀՀ իշխանությունների դատական համակարգի հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ։
 
Այս հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ արձանագրվում է ՍԴ–ի նկատմամբ ճնշումների առկայության մասին։
 
Ես չեմ կարծում, որ ԵԽԽՎ հայտարարություններից պետք է որևէ կողմ ընկնի ցնցակաթվածի կամ էյֆորիայի մեջ։ Սրանք աշխատանքային փաստաթղթեր են, որոնցից կողմերը պետք է ընդամենը հետևություններ անեն։ Հիմա արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է այս հայտարարությունը ներկայացնել որպես իշխանության ջախջախում։ Դա այդպես չէ, ԵԽԽՎ համազեկուցողների կամ որևէ այլ հայտարարություն աշխատակարգային, ընթացակարգային հայտարարություններ են, որովհետև դուք գիտեք, որ համազեկուցողները պատրաստում են զեկույց Հայաստանի մասին և, բնականաբար, այդ զեկույցում անդրադարձ լինելու է հայաստանյան ներքաղաքական բոլոր մտահոգիչ խութերին։ Եվ երբ համազեկուցողներն ասում են, որ խաղացողները պետք է զերծ մնան հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա, ապա ակնհայտ է, թե ում է ուղղված այս հայտարարությունը։ Հայտնի մուլտ կա, որտեղ նշվում է՝ չենք ասի՝ ով, բայց դա փղիկն էր, այստեղ էլ շատ պարզ է, ակնհայտ է։ Երբ պատրաստվում են ռեպորտաժներ՝ օգտագործելով հանրային ռեսուրսը և թիրախավորում են մեկ կոնկրետ ինստիտուտ, կոնկրետ մեկ անձի, բնականաբար, սա չի կարող չմտահոգել Հայաստանի մասով զեկույց պատրաստող համազեկուցողներին, որոնք վճարվում են ԵԽԽՎ-ից դրա համար: Երկրորդ, նորից կրկնեմ, պետք չէ ԵԽԽՎ հայտարարություններից պռճոկել իրենց ձեռնտու կտորներ։ Սա վերաբերում է երկու կողմերին։
 
Երբ համազեկուցողների մտահոգությանը «Իմ քայլի» որոշ պատգամավորներ ԱԺ ամբիոնից ներկայացրեցին, թե հետհեղափոխական Հայաստանը Էլդորադոն է, որտեղ մարդիկ քայլում են փողոցներով, միմյանց գրկում են, համբուրում են, բոլորը ժպտում են, բոլորը գոհ, ուրախ ու երջանիկ են, ապա ասեմ, որ բավականաչափ մտահոգություն կա ներհանրային անհանդուրժողականության, թշնամանքի առնչությամբ, և ես կարծում եմ, որ այս խնդիրը ևս պետք է փորձենք հանգուցալուծել։
 
Իշխանությունը շարունակում է պնդել, որ շուտով կհանգուցալուծվի ՍԴ–ի շուրջ առկա խնդիրը։ Հիմա, երբ կան այսպիսի զգուշացումներ, ի՞նչ կարող է փոխվել իշխանության դիրքորոշման մեջ։
 
Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունը գնում է ՍԴ խնդիրը այլևս քաղաքական գործիքներով լուծելու ճանապարհով։ Որովհետև այն օրենսդրական նախաձեռնությունը, որ ներկայացվել է, որով փորձ է արվելու վիրահատական ճանապարհով լուծել ՍԴ խնդիրը, այդ նախաձեռնությունն իրավական բովանդակության հետ որևէ կապ չունի։ Այն ծայրից ծայր հակասահմանադրական է, և եթե դա այդկերպ բերվի արտահերթին, նշանակում է իշխանությունը գնում է քաղաքական ճանապարհով խնդիրը հանգուցալուծելուն, ինչը երկրի հեղինակության լրջագույն հարված է լինելու։ Իրենց բացատրությունն այն է, որ մենք հեղափոխական իշխանություն ենք, մենք ունենք ժողովրդի բացարձակ վստահությունը և կարող ենք ցանկացած գործիք, այդ թվում քաղաքական գործիք գործադրել այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Սա սխալ ճանապարհ է, սա իրենց հռչակած արժեքներից լրջագույն հետընթաց է և սրա միջազգային արձագանքները լինելու են շատ ցավոտ ու ծանր։
 
Ինչ վերաբերում է նրան, որ նման նախազգուշացումներից հետո իշխանության դիրքորոշումը փոխվի, ես կարծում եմ՝ ոչ։ Այս իշխանությունը դաժան արագությամբ կրկնում է ոչ միայն նախորդների բազմաթիվ սխալներ, այլ անում է սեփական, իմ կարծիքով այլևս անդառնալի սխալներ։ Նրանք այնքան ինքնավստահ են, որ եթե իրենց առջև խնդիր են դրել ազատվել Հրայր Թովմասյանից, իսկ ես կարծում եմ՝ այսօր Հայաստանի իշխանության համար կորոնավիրուսը դարձել է Հրայր Թովմասյանը, իրենք բոլոր գործիքներով և, անկախ միջազգային հանրության գնահատականից, այդ հարցը լուծելու են և լուծելու են շատ մոտ ապագայում։
 
Իշխող խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ է ցանկանում հրավիրել, որը հնարավորություն կտա սահմանադրական փոփոխությունների նախագծի փաթեթը ԱԺ–ի կողմից ընդունվելու դեպքում պարտադիր չուղարկել ՍԴ՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում նման փոփոխությունը, արդյոք նման փոփոխություն անելու համար անհրաժեշտ չէ դիմել Վենետիկի հանձնաժողով։
 
Միանշանակ պետք էր դիմել Վենետիկի հանձնաժողով։ Այդ նախագծով, որը ծայրից ծայր հակաիրավական է և հակասահմանադրական է, իշխանությունը փորձում է այսկերպ պարալիզացնել ՍԴ-ն, այսինքն ուղղակի նախագծերը կառավարությունից գան Ազգային ժողով։ Ես հասկանում եմ թաքնված ենթատեքստը. Մտահոգություն կա, որ որոշ կոնվենցիաների հետ կապված, նաև դրանց դեպքում Սահմանադրական դատարանը շրջանցելով գա Ազգային ժողով, բայց հիմնական մոտիվը, հիմնական խնդիրն այն է, որ այսկերպ գնան ՍԴ կազմալուծման, ՍԴ-ն հռչակեն խաղից դուրս՝ այսկերպ լուծելով իշխանության համար կորոնավիրուս դարձած Հրայր Թովմասյանի խնդիրը։ Սա բացարձակապես անընդունելի գործելաոճ է։ Ընդամենը տեղեկացնեմ, որ միջազգային կառույցների արձագանքը այս նախաձեռնությանը այս անգամ լինելու է այնքան կոշտ և այնքան ուղիղ և հասցեական, որ իշխանության որևէ ներկայացուցչի անգամ խոշորացույցով չի հաջողվելու պեղել որևէ բառ կամ նախադասություն, որը կարողանան տրանսֆորմացնելով ներկայացնել որպես իշխանության փառահեղ հաղթանակ։

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play