Կրիմինալը բանակում պատերազմ է հայտարարել


Կրիմինալը բանակում պատերազմ է հայտարարել

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախում երկու զինվոր է մահացել, ընդ որում, ինչպես նշել է Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարբեր միջադեպեր են եղել: Սա նշանակում է, որ միանգամից երկու զորամասում մահացու ելքով միջադեպեր են եղել:
 
Տարվա սկզբից խաղաղ պայմաններում արդեն 10 հայ զինվոր է մահացել: Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ հայտարարված պայքարի պայմաններում սա նման է սաբոտաժի եւ պատերազմի հայտարարման:
 
Փետրվարի 2-ին մահացած Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատացել ինքնասպանության վարկածին ու ամբողջ գյուղով ուղեւորվել Երեւան՝ բերելով մահացած զինվորի դագաղը: Հարազատներին հազիվ է հաջողվել համոզել վերադառնալ գյուղ ու զինվորի մարմինը հողին հանձնել:
 
Փորձագետներն ու իրավապաշտպանները ենթադրում են, որ ողջ գնդի աչքի առաջ տեղի ունեցած դեպքը կապված է բանակում գումարի հավաքագրումների հետ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես չի բացառել, որ բանակում արձակուրդից վերադարձած զինվորներից «հարկ» են պահանջում: Հակառակ դեպքում «հասցնում են ինքնասպանության»:
 
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այդ գնդում բարքերի մասին, որտեղ պնդվում է նաեւ, որ կա գումար հավաքելու հղկված համակարգ, որով զբաղվում են քրեական հանրության ներկայացուցիչներն ու «նայողները»:
 
Դրանից հետո պաշտպանության նախարարի հանձնարարականով զորամասերում անսպասելի ստուգումներ են իրականացվել: Դրանք պետք է պարզեն «արտոնյալ» անձանց, որոնք չեն մասնակցում շարայինին ու բանակային այլ միջոցառումներին:
 
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ պետությունը 100 տոկոսով պատասխանատու է զինվորների կյանքի համար եւ հաստատել, որ օր ու գիշեր զորամասերում ստուգումներ են իրականացնում:
 
Խորհրդարանը վերջերս քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենք է ընդունել, եւ փորձագետներն ասում են, որ առաջին հերթին բանակից պետք է սկսել:

Դրանից հետո հայտարարվում է մահացու ելքով երկու միջադեպի մասին: Կարելի՞ է պնդել, որ կրիմինալը պատերազմ է հայտարարել պետությանը ու հանրությանը: Թե՞ ինչ-որ ուժեր, օգտագործելով քրեական լծակները, փորձում են ավելի գլոբալ անցանկալի գործընթացներ սադրել: Պետությունը լծակներ ունի՞, որ կոտրի «պետության մեջ պետության» դիմադրությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play