Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

20-02-2020 15:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
 


 
Եվրամիության Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Հարկային հարցերով Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»: Որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:
 
««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր,: Այդ երկրների ցանկից հանելը հեղինակության առումով լավ ազդակ է լինելու, որովհետև
ԵՄ գործընկերները Հայաստանին դիտարկելու են հարկային առումներով համագործակցող երկիր», -ասում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:
 
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը «Մոխրագույն ցուցակում» չհայտնվելու և դրանից բխող մի շարք ռիսկերից խուսափելու նպատակով ստանձնել էր երեք պարտավորություն:
 
Օրի Ալավերդյանի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները:
 
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկով հարկման առումով սահմանված արտոնյալ կարգավորումները, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և դրանով իսկ ստանձնել է ՀՀ հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն: 
 
«Սա ընթացքի մեջ է, ՏՀԶԿ քարտուղարության մասնագետների հետ այս
պահին աշխատում ենք: Դա երկար գործընթաց է, բայց բոլոր դեպքերում ստանդարտները կտեղայնացվեն», -ասում է Օրի Ալավերդյանը:
 
Բացի այդ, նրա խոսքով, 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրվել ու 2019 թվականի դեկտեմբերի 13-ին վավերացվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ՏՀԶԿ և Եվրոպայի Խորհրդի համատեղ կոնվենցիան:
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 562 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար