Օբաման կայցելի արաբական Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ
02-06-2009 19:32:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք
Օբաման երեքշաբթի ուղեւորության կմեկնի արաբական Արեւելքի եւ
Եվրոպայի երկրներ:
Չորեքշաբթի Օբաման կլինի Սաուդյան Արաբիայում, որտեղ այդ
երկրի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզի հետ կքննարկի Իրանի
միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը, ահաբեկչության դեմ
պայքարի հարցեր եւ մերձավորարեւելյան կարգավորման խնդիրները:
Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, բանակցությունների
կենտրոնական թեմաներից կլինեն նավթի գները: Ըստ ԱՄՆ-ի նախագահի
ռազմավարական հաղորդակցությունների հարցերի գծով խորհրդականի
տեղակալ Դենիս Մաքդոնոֆի, Օբամայի այցը Սաուդյան Արաբիա
«մուսուլմանական աշխարհի հետ շփումներ հաստատելու ամերիկյան
վարչակազմի ձգտումների արտահայտությունն է»: Այդ ռազմավարության
շրջանակում էլ կանցնի ԱՄՆ-ի նախագահի ուղեւորության երկրորդ օրը
եւս, որը նա կանցկացնի Եգիպտոսում: Ամերիկյան առաջնորդը հունիսի
4-ին երկկողմ բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահ Հոսնի
Մուբարաքի հետ: Այս հանդիպումը կեզրափակի մերձավորարեւելյան
կարգավորմանն ուղղված Օբամայի հանդիպումների ցուցակը:
Հունիսի 5-ին ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Գերմանիա: Ուղեւորության
վերջին հանգրվանը կլինի Ֆրանսիան. հունիսի 6-ին նորմանդական
Կաննում նա երկկողմ բանակցություններ կվարի իր ֆրանսիացի
պաշտոնակից Նիկոլա Սարկոզիի հետ: