Էրդողանի շանտաժը. Ֆրանսիան ու Գերմանիան փորձության առաջ
28-02-2020 18:40:21 | Հայաստան | Վերլուծություն
Թուրքիան ցուցադրում է պատկերներ, թե ինչպես են Սիրիայից փախստականները ուղեւորվում դեպի Եվրոպա, եւ Անկարան չի կանգնեցնում նրանց: Իհարկե, այդ պատկերների վերաբերյալ արձագանքներում առկա է կասկած, թե խոսքն իրական հոսքի մասին է, եւ ավելի շատ դրանք թողնում են իմիտացիայի տպավորություն: Միեւնույն ժամանակ, պարզ է նպատակը՝ Թուրքիան շանտաժի է դիմում Եվրոպային, որ Սիրիայի, մասնավորապես Իդլիբի ռուս-թուրքական բախման հարցում իր կողքին չկանգնելու պարագայում ինքն էլ չի կանգնեցնի փախստականներին եւ հոսքը կուղղի Եվրոպա:
Հայտնի է, որ Եվրոպան այդ առումով պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, եւ Անկարային անգամ վճարեցին, որ փախստականներին չուղղի Եվրոպա:
Ինչ կանի Եվրամիությունը, կամ դրա առաջատարները: Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները Անկարայում մարտի 5-ին Էրդողանի եւ Պուտինի հետ Իդլիբի իրավիճակը քննարկելու պատրաստակամություն էին հայտնել: Թուրքիան էլ դեմ չէ, բայց Պուտինը հայտարարել է, որ մարտի 5-ին հանդիպելու պլաններ չկան: Ավելին, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում Իդլիբի հարցում Թուրքիայից բացի այլ կողմի ներգրավվածություն, անդրադառնալով Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների մասին հարցին:
Էրդողանը զանգահարել է Պուտինին, այն բանից հետո, երբ Պեսկովը ազդարարել էր, որ մարտի 5-ի համար Պուտինն ունի այլ պլաններ: Կփոխի՞ դա Պուտինի պլանները, եւ արդյոք դրանում կա պահանջ, որ չպետք է լինեն Մերկելն ու Մակրոնը:
Էրդողանը կհրաժարվի՞ երրորդ կողմից, տվյալ դեպքում Եվրոպայից: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված փախստականներով շանտաժը: Անկարան հայտնվել է բավական երկիմաստ վիճակում, ստիպված լինելով շանտաժի դիմել բոլոր ուղղություններով: Ո՞ր կողմում կաշխատի այն, բարդ է ասել: Ռուսաստանն առայժմ փորձում է ցույց տալ, որ այդ առումով թույլ օղակ չէ:
Ինչպիսի՞ն է Եվրոպան: Եթե Թուրքիայի շանտաժն աշխատում է, եթե Եվրոպան Անկարայի պատկերացումներն է ընդունում, որովհետեւ ունի խնդիր հակառակ դեպքում փախստականների հոսք ընդունելու առումով, ապա դա նշանակում է Եվրոպայի ավարտը, ընդ որում զուգահեռ՝ բարոյական եւ քաղաքական ավարտը:
Թուրքիան փաստորեն թելադրում է եվրոպական քաղաքականություն, եթե իհարկե այդպիսին դեռ մնացել է՝ այդ քաղաքականությունը: Եվրոպական առաջնորդներին թվում է, թե փակ պահելով հետագա ինտեգրացիայի ճանապարհը Էրդողանի առաջ, պատժում էր Էրդողանին: Էրդողանին դա թերեւս չի էլ հետաքրքրում:
Նա Եվրոպան որոշակիորեն բռի մեջ է պահում արդեն տեւական ժամանակ: Ներկայիս իրավիճակը ցույց կտա՝ կարո՞ղ է Եվրոպան, կամ դրա առաջատար պետությունները վարել ինքնուրույն քաղաքականություն, որը ենթակա չէ թուրքական շանտաժին: