Մինչ օրս ինքնամեկուսացման պայմանները խախտել է 1889 մարդ, որոնք ենթարկվել են վարչական պատասխանատվության. Փոխոստիկանապետ
28-03-2020 14:18:50 | Հայաստան | Հասարակություն
Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներով սահմանված թույլատրելի քանակից ավելի մարդ տեղափոխելու 1843 դեպք է գրանցվել, որոնցից ուղևորները իջեցվել են:
Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 48 վարորդներ ենթարկվել են վարչական տույժերի սահմանված թվից ավելի ուղևոր տեղափոխելու համար:
«Այս պահի դրությամբ ընդհանուր նորությունը սա էր, մնացած բոլոր ծառայություններն իրականացվում են, խոսքը վերաբերում է ուղեկցողներին, առողջապահության ոլորտի աշխատողների հետ համագործակցությանը»,- նշեց Հ. Մհրյանը՝ հավելելով, որ հյուրանոցներում, հիվանդանոցներում ու մեկուսացման այլ վայրերում ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա ծառայություններ մատուցել:
Հիշեցնենք, որ Պարետի որոշմամբ` մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, իսկ այն խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության: