Կորոնա վիրուսից պաշտպանվելու միակ միջոցը ՎԱԽ-ն է. ինչքա՞ն պիտի վախեցած մնանք


Կորոնա վիրուսից պաշտպանվելու միակ միջոցը ՎԱԽ-ն է. ինչքա՞ն պիտի վախեցած մնանք

  • 15-04-2020 15:23:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Վախի երկու աչքերը:
 
Կենդանական աշխարհի բոլոր էակները, այդ թվում և մարդը, ունեն  երկու աչք:
 
Մեկով տեսնում են Վախը, մյուսով պաշտպանվելու միջոցներ  փնտրում; Բոլորն  էլ  վախից   կուչ գալով՝ մտնում են  բները: Կրիան գլուխը ներս է քաշում,  խխունջը մտնում պատյանի մեջ, արջը մտնում է իր որջը,  օձը՝ իր ծակը:Կենդանական աշխարհի բարձրագույն էակ  համարվող մարդը,  որի անունն եթե անգամ Քաջ Նազար  է, նույնպես մտնում է իր բունը, որը  կոչվում է նաև տուն:  Քաջ Նազարն ասում է՝ «Քաջ Նազարն եմ թախտի տակից դուրս չեմ գալիս»:Նա էլ այդ կերպ է հաղթահարում իր Վախը: Միայն վախկոտ նապաստակն է, որ իր վախը հաղթահարում է թռչկոտելով: 
 
Կենդանական աշխարհի  բարձրագույն էակ մարդը փրկվեց, երբ եղավ Համաշխարհային ջրհեղեղ, որովհետև Նոյ կոչվող իմաստուն մարդը պատրաստվել էր այդ  աղետին, որը ենթադրվում էր , որ Տիեզերքից, այսինքն՝ Աստծուց  էր եկել; Ի դեպ, հնագետները գտնում են, որ մեր ընդհանուր այս բնակավայր Երկիր մոլորակը 5 անգամ ենթարկվել է Համաշխարհային ջրհեղեղների, 6-րդի վերաբերյալ էլ բանավիճում են: Ինչքան ուզում են թող վիճեն՝ 5 թե 6,  բոլոր դեպքերում էլ Համաշխարհային  ջրհեղեղներից հետո մարդկությունը չի վերացել այս մոլորակի վրա ; Գուցե ուրիշ նոյեր էլ են եղել, որոնց անունները հայտնի չեն: Դա արդեն մեզ չի վերաբերվում, մենք ունենք մեր Նոյը, բավարարվենք միայն նրանով: 
 
ՀԻՄԱ  ԷԼ  ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ  ԱՂԵՏՆԵՐԻ
 
Մարդկությունը հիմա էլ է պատրաստվում Համաշխարհային աղետների: Աշխարհահռչակ գիտնական, արհեստավարժ հնագետ և պատմաբան Կրեհեմ  Հենքոքը գտնում էր, որ Երկիր մոլորակի վրա ապրելու մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, պետք է մտածել մարդկությանը մի այլ մոլորակ տեղափոխելու մասին: Երևի թե դա էր պատճառը, որ  սկսվեցին թռիչքներ  և վայրէջքներ դեպի Լուսին, Մարս և մարդաբնակ այլ մոլորակների փնտրտուքներ: Մարդկությունը ահաբեկված էր ոչ միայն Աստվածածին աղետներից, այլև մարդածին՝ ատոմային, ջրածնային, կենսաբանական զենքերով առաջացող աղետներից; Ատոմայինի համար պատրաստություն տեսնում էր: Հիշենք Քաղպաշտպանության դասընթացները և այդ նպատակով ստեղծված կառույցները ԽՍՀՄ ատոմային գերտերությունում: Նույնը նաև պետք է, որ եղած լիներ մրցակից մյուս գերտերությունում:  ԱՄՆ  պաշտպանության  նախարարության  զեկույցի   համաձայն` ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի վերահսկողությանը ենթակա հսկայական երկու ստորգետնյա բունկերներ են կառուցվել: Միջուկային պատերազմի վտանգի պարագայում այստեղ է ապաստանելու Ռուսաստանի քաղաքական-զինվորական վերնախավը: Պաշտոնական ձևակերպումներով՝ այս քայլն արվել է երկրի ազգային անվտանգության ապահովման նպատակով: Երկիրն անվտանգ կդառնա, եթե վերնախավը հուսալի է պաշտպանված: Ըստ Պենտագոնի փորձագետների՝ երկու բունկերներից մեկը հենց Կրեմլի տակ է, մյուսը՝ Մոսկվայի պետական համալսարանին հարող տարածքում: Բունկերները միմյանց հետ կապված են թունելներով, ստորգետնյա երկաթուղագծով, որը ձգվում է մինչև 27 կիլոմետր հեռու «Վնուկովո» կառավարական օդանավակայան:
Ակներև է, որ ռուսական վերնախավը վախ չի ունենալու միջուկային պատերազմից:
Չենք կասկածում, որ նման պատրաստություն տեսել են նաև ԱՄՆ- ում: Տեղեկություններ կան, որ  ԱՄՆ-ի նմանատիպ գաղտնարանները Պենտագոնի ԴԱՌՊԱ գործակալության վերահսկողությամբ պահվում են երկրի ընդերքի հիդրոթերմալ աղբյուրներում և բևեռային սառույցների տակ:
Հիտլերը նույնպես բունկեր էր պատրաստել տվել իր համար: Բայց նա իր մահկանացուն կնքեց  հենց նույն բունկերում, որը պատրաստել էր տվել իր համար: 
Ինչո՞ւ են հիմա  նույնն անում գերտերությունների առաջնորդները, մի՞թե չեն հասկանում, որ մեկ է, որ  աղետն եկավ, մարդածին, թե Աստվածածին, նրանք ոչ միայն բունկերներում, թեկուզ հեռու հեռավոր մոլորակներում էլ ապաստանված լինեն, մահանալու են՝ հայերենի Երկիր մոլորակի հողում հանգչելու պատվին էլ չարժանանալով; Ինչի՞ց են նրանք այդպես վախենում, ի՞նչն է Մահից ավելի սարսափելի նրանց համար: Մոսկվան ենթադրում է, որ միջամտելով Ռուսաստանի ներքին գործերին, Ամերիկան իշխանափոխություն է իրականացնելու: Վաշինգտոնն էլ անհանգստացած է համաշխարհային գործընթացներում իր գործողություններին Մոսկվան հակադրվելով, արգելակում, կասեցնում է իր դերակատարումը: Սակայն երկուսն էլ այս խնդիրն իրենց ժողովուրդներին մատուցում են որպես սեփական երկրների ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:
Աշխարհը սրանք կկործանեն իրենց սարսափներով, իրենց միջուկային զենքերով, և ինչպես Նոյն իր գերդաստանով հիմք դրեց նոր աշխարհի, սրանք նույնպես իրենց վերնախավերով կփորձեն նոր աշխարհի առասպելի հիմքը դնել: Ռուսներն իրենց առաջնորդներին հերոսացնելու, առասպելներ ստեղծելու  ավանդույթներ ունեն: Այդպես են պատմության մեջ մտել՝ իր հարազատ որդուն սպանած Իվան Ահեղը, դաժանասիրտ Պետրոս Առաջինը, Եկատերինան, ի վերջո պայծառաատես Նոստրադամուսի գուշակած հայ հերցոգ Ստալինը: Պուտինը նրանց համեմատ սրբի կարգավիճակ կարող է ունենալ:
Իսկ Ամերիկան էլ իր դոլարային   վայրիվերումներով  է  փոթորկում աշխարհի մարդկանց սրտերը:
 
Այս աշխարհին մի տեր է պետք:
 
Սրանք Աշխարհը կկործանեն իրենց միջուկային արմագեդոնով կամ անհասկանալի, անտեսանելի էկզիստենցիալ սարսափ առաջացնող նոր, անծանոթ, գերհզոր զենքերով: Ամեն ինչից երևում է, որ սրանք ուզում են Աշխարհի տերը  դառնալ, աշխարհն իրենց ծառայեցնել; Սակայն այս աշխարհին մի  տեր է պետք; Ըստ Ղուկասի  Ավետարանի ՝ չենք կարող երկու տիրոջ ծառայել, «որովհետև եթե մեկին սիրենք, մյուսին պիտի ատենք, կամ եթե մեկին մեծարենք, մյուսին կարհամարհենք:Չենք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»:
Վերադառնանք մեր Կորոնային:
 
Մեր եմ ասում, որովհետև այնքան ենք դրա մասին խոսել, որ, կարծես, մեր հարազատը լինի: Ինչ-որ մեկը առաջարկել է մարդկանց դուրս չթողնել տներից, մյուսների մոտ  այս միտքը համաճարակի պես տարածվել է և հիմա ամբողջ աշխարհով մարդիկ տներից, թախտի տակերից դուրս չեն գալիս: Սակայն պարապ-սարապ տանը նստած մարդը, ոչ մի կերպ  չի կարողանում ազատագրվել  Համաշխարհային առողջապահական կազմակերպության  տարածած  ամեն օր իրենց տներ  սողոսկող Վախից, փոթորկուն հեղեղի մեջ ընկած տաշեղի պես դեսուդեն է զարկվում;  Այս կազմակերպությունը այդ  տեղեկություններն   այսպես  փութաջանորեն տարածելուց  առաջ գոնե մտածեր, որ Կորոնա վիրուսը նոր չէր մուտք գործել այս աշխարհ, իրենք էլ ծանոթ էին դրա ինչ-որ մի տարատեսակին, ինչո՞ւ ձեռքերը ծալած, պարապ-սարապ  նստել էին  իրենց տներում ու հիմա ահաբեկված մարդկանց են նստեցնել տալիս տներում; Ժողովրդական իմաստությունն ասում է՝ «Պարապ  մարդու ուղեղը  սատանայի ջրաղաց է»: Մի՞թե նրանք  չգիտեին, որ ահաբեկված մարդը վախից՝ նոր, մինչ այդ չունեցած կամ մոռացած հիվանդություններ  կարող է ձեռք բերել, մանավանդ որ իրենք էլ  սովորություն ունեն փորփրել մարդու անցյալը, հիշեցնել տալ նրա նախորդ կամ արդեն մոռացված  հիվանդությունները; Վերջում էլ  անպայման պիտի իմանան նաև նրա տարիքը: 92 տարեկան մարդ է մահացել, գցում են վիրուսի վրա հերիք չէ, դեռ իրենց անզորությունն արդարացնելու համար ավելացնում են, թե նա շագանակագեղձի քաղցկեղ էլ է ունեցել: Քաղցկեղով 93 տարեկան հասած մարդը մի օր չէ մի օր պիտի մահանար, ինչո՞ւ են նրա մահը բարդում վիրուսի վրա; Ո՞վ չգիտեր, որ տարեցները երիտասարդներից ավելի թույլ են,  պակաս դիմացկուն և ի վերջո պիտի մահանան; Մի՞թե տարեցներին այս աշխարհից շուտ վերացնելու ծրագիր կա մշակված: Առանց այդ էլ այս սերունդը գոհ չէր իր դժխեմ ճակատագրից. մանկությունը խաթարվել էր Համաշխարհային երկրորդ  կամ Հայրենական կոչված պատերազմով, անհայր մեծացավ, ապրեց անհայրենիք մարդու կյանքով՝ չնայած երգել էին տալիս   «Անծայր է հայրենի երկիրն իմ» երգը: Ճիշտ է՝ Կորոնա վիրուս չկար, բայց կար ԿԳԲ-կոչված մի ուրիշ վիրուս, որը նույնպես մարդկանց վերացնում էր այս աշխարհից, հետո իբր թե փոխվեցին կարգերը, եկավ մի ուրիշ կարգ, որի ընթացքում նույնպես մարդիկ վերանում էին այս աշխարհից և ոչ ոք չգիտեր, թե ինչպե՞ս և ինչո՞ւ: Այդպես անհայտ ու անպատճառ  այս աշխարհից գնաց  նույնիսկ ԿԳԲ-ի պետը՝ Մարիուս Յուզբաշյանը, Երևանի առաջին ՀՀՇ-ական քաղաքապետ Համբարձում Գալստյանը, երկաթգծի վարչության պետ Ղանդիլյանը նույնպես Համբարձում անունով, անգամ անշառ թվացող զբաղմունքի տեր գրող Վարդգես Պետրոսյանը: Այդ ինչ վիրուս էր, որ հանկարծակի, անսպասելի տանում էր մարդկանց և մինչև օրս ոչ մեկը չգիտի, թե ինչպե՞ս և ինչո՞ւ:  Այս աշխարհում կոնսպիրացիան, դավադրության տեսությունը միշտ եղել է և կլինի: Այսքան բան տեսած այս սերնդի մարդկանց հիմա տանը նստեցնում են, որ ի՞նչ անեն, տեղեկանան, թե ինչպես է չարաղետ այդ վիրուսը Չինաստանից հասել  հեռավոր Ամերիկա, հետո օրօրի մոտենում է դեպի իրենց, արդեն հասել է  հարևան Իրան, Թուրքիա; Ասում են՝ տանից դուրս չգաք, որ վարակը չտարածվի: Հասկանալի է տանը նստեցնելուց բացի ուրիշ մի այլ միջոց չեն գտնում դեռ: Բայց տանը նստածին  մի գործով, մի աշխատանքով զբաղվելու առաջարկ անեի՛ն գոնե; Աշխարհի  հնագույն զբաղմունքներից մեկը եղել է տնայնագործությունը: Չինաստանը, որին մի ժամանակ համարում էին   հետամնաց ագրարային երկիր, տնայնագործական արտադրությամբ տվեց անցավ աշխարհի գերզարգացած երկրներից; Նրանք կարողացան Կորոնայի դեմն առնել՝ մարդկանց իրենց տներում նստեցնելով և զբաղմունք գտնելով նրանց համար:
Խորհրդայի մեր կյանքի մայրամուտին, երբ արդեն կոմունիզմին մոտենալը դարձել էր ծիածանի կամարի  տակով անցնելու պես  անհնարին, դարի խիղճ և միտք համարվող Կոմունիստկան կուսակցությունը առաջ էր քաշել մեկ շնչին ընկնող արտադրությամբ ԱՄՆ-ին հասնելու և անցնելու լոզունգը: Հետո տեսան, որ դա  իրականություն չի դառնում: Թեև այդ տարիներին Սովետ Միություն երկրի ամենափոքր Հայաստան երկրում մեկ շնչին ընկնող թեթև արդյունաբերության արտադրանքով   տվել անցել էին  ԱՄՆ-ից: Այդ օրերին հայերը ոչ միայն գործարաններում էին արտադրություն կազմակերպում, այլև մարդկանց աշխատեցնում էին նաև իրենց տներում: Ինչպես ասում են ,,Դա արդեն վաղ էր, երբ էշը կաղ  էր,,:
Սովետ Միությունը տեսավ, որ մի Հայաստանով գարուն չի գա իր անծայրածիր երկրում, բռնեց ու զարկ տվեց ԱՄՆ-ից անցնելու մի ուրիշ ծրագրի իրականացմանը, ըստ որի ոչ թե իր երկրի մեկ շնչին ընկնող, այլ աշխարհի բնակչության ամեն մի շնչին ընկնող զենքի արտադրությամբ պետք էր հասնել և անցնել ԱՄՆ-ին: Եվ իսկապես հասավ էլ, անցավ էլ:
 Ռուսաստանը, որը Սովետ Միության իրավահաջորդը դարձավ, այդ ամբողջ զենքը պահեց  իր զինանոցում: Եվ այն ժամանակ, երբ  Չինաստանում լույս աշխարհ եկավ այս ոչուփուչ Կորոնա վիրուսը, Պուտինը, որ դեռ տաք էր, չէր հասկացել սրա վտանգը, հին իներցիայով Կրեմլում նստած դարձյալ իրենց նոր ստեղծած տանկի հզորության գովքն էր անում: Բայց եղավ այն, ինչ եղավ: Այս աշխարհի  երկու հզորները՝ Ռուսաստանը և ԱՄՆ, անզոր դարձան, և իրենց երկրների ամենամեծ քաղաքներում սկսեցին իրար հետ մրցել Կորոնա վիրուսի պատճառած զոհերով;   Հիմա շատ երկրներում, մերում նույնպես լսվում են տանը երկար մնալուց հոգնելու և ահաբեկվելու մասին մարդկանց դժգոհություններ; Ինչքա՞ն պիտի Նիկոլ Փաշինյանի համացանցի ելույթների հույսին մնանք: Համացանցից էլ  շուտ ենք հոգնում, աչքերի և առողջության համար  վնասակար է; Մի կարգին զբաղմունք է պետք, այսպես երկար չենք դիմանա: Ժողովրդական իմաստությունն ասում է «Պարապ մարդու ուղեղը սատանայի ջրաղաց  է»:
 Զբաղվող մարդն ավելի հեշտ է հաղթահարում Վախը; Կորանան, եթե իսկապես մարդու ստեղծած թույնն է, պետք է, որ նույն մարդը դրա հակաթույնն էլ ունենար՝ թեկուզ իրեն պատահական վարակվելուց ազատելու համար; Եթե այս աղետը ստեղծողների նպատակն էր մարդկանց տներում նստեցնելը, զարգացած, թերզարգացած կամ գերզարգացած երկրների տնտեսությունները  կաթվածահար անելը, նրանց ֆինանսական, ռազմական բոլոր սանձերն իրենց  բռան մեջ հավաքելը, ուրեմն հասել են իրենց նպատակին, էլ ի՞նչ են ուզում հիմա; Կա՞ արդյոք այս վիճակից դուրս գալու մի  ելք:
 
ԿԱ ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԿՈՒ ԵԼՔ
 
Չեմ ասում, թե հիմա բոլորս տներից դուրս գանք, քայլերթերով, հանրահավաքներով շրջափակենք,  արգելափակենք  այս աղետը ստեղծողների ճանապարհները: Դա հնարավոր չէ, մանավանդ որ չգիտենք, թե ով, կամ ովքեր են ստեղծել սարսափազդու այս հրեշին; Բայց գոնե մարդկանց տներում նստեցնելուց հետո կկարողանա՞ն արդյոք նրանց համար մի զբաղմունք ստեղծել, տնայնագործական արտադրություններ զարգացնելով երկրների տնտեսությունները կայունացնե՞լ; 
Այսօրվա տվյալներով  Կորոնա վիրուսից պաշտպանվելու միակ միջոցը  ՎԱԽ-ն է: Իտալացիները փորձեցին չվախենալ,  ցույց տվեցին, որ իրենք կենսախինդ, զվարճասեր մարդիկ են, և դրա համար  խիստ պատժվեցին: Ինչպես  հույն պատմաբան ԼՈՒԿԻԱՎԻՈՍԸ կասեր. 
«ՀՌՈՄԸ  ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՐԳԻՉՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒՑ ԵՎ ՄԻԱՅՆ ԶՎԱՐՃԱՑՆՈՒՄ ԵՆ»: Կարծես իրականություն է դառնում պատմաբանի չարագույժ կանխատեսումը: Հայերս   նույնպես զվարճանքների հակումներ ունենք: Գուցե՞ մենք էլ   դրանցով շատ չտարվենք:
«Ճիշտ է արդյոք, որ  հայերը  համակրելի  ու զվարճասեր մարդիկ են», - հարցրել են  ամերիկացի ընթերցողները Վիլյամ  Սարոյանին:
«Համակրելի, այո, բայց զվարճասեր, կարող ենք վիճարկել: Սակայն  անվիճելի է նրանց տաղանդը, բարձր տաղանդը»,-պատասխանել է Սարոյանը:
Մեծ գրողը նշել է հայերի տխուր կյանքի մասին, հասկացնելով, որ հայերը չէին կարող զվարճասեր լինել, իսկ որ հայերը  տաղանդավոր են, այդ փաստն անհերքելի է: Եզրակացությունը սա է՝ եթե հայերն այսքան տխուր կյանքով ապրելով հանդերձ  ամերիկացիներին  թվացել են զվարճասեր, ուրեմն հայերը տաղանդավոր են; 
Բայց իրականում հայերն իտալացիների պես զվարճասեր են եղել: Հնում զվարճասիրության և ճարտասանության մրցույթներ են անցկացվել Հռոմում; Այդ մրցույթներից մեկին մասնակցել է հին աշխարհի լեգենդար փիլիսոփա Պրոերեզիոսը (276-368), որը  Աթենական ճարտասանական  դպրոցն է  ղեկավարել: Պրոերեզիոսի աշակերտների շարքում էին Հռոմի կայսրը` Ջուլիան, Կեսարիացի վարդը և ուրիշներ: Հռոմի հրապարակներից մեկում Պրոերեզիոսի հուշարձանն է՝ հետևյալ մակագրությամբ «Աշխարհի թագուհի Հռոմը՝ ճարտասանության թագավորին»:
Նրա   աշակերտ Եվնապիոսը նշում է, որ Պրոեռեզիոսի  երկու ծնողներն էլ հայեր են, նա ապրել է  ավելի քան 90 տարի: Խուսափել է գովազդել իր ծագումը ( Հայկական խորհրդային հանրագիտարան, հ. 6, էջ 4.73 (1980, Երեւան):
Նրան հայերը գիտեն որպես Պարույր Հայկազն: Րաֆֆին վիպակ է գրել այս փիլիսոփայի մասին:
 
* * *
Նորից ենք կրկնում  այսօրվա տվյալներով Կորոնա վիրուսից պաշտպանվելու միակ միջոցը  ՎԱԽ-ն է: Ինչքա՞ն  պիտի վախեցած մնանք:
Մեր կառավարությունը, որի անդամները մի ժամանակ տանիքների վրա թռչկոտելով բացականչում էին՝ «ԵԼՔ ԿԱ՛, ԵԼՔ ԿԱ՛» գուցե հիմա նրանք Կորոնա հրեշի երախում հայտնվածներիս համար մի ելք գտնե՞ն, ինչո՞ւ մի՛, գուցե՞ երկու ԵԼՔ ՝ շքամուտքի և ետնամուտքի:
Գուցե այդ ելքերից մեկը, տանը նստածներիս համար մի զբաղմունք գտնելն է նաև, հակառակ դեպքում այսպես տանը նստեցնելով, վախի ու սարսափի ճիրանում մնալով, երկրի տնտեսությունը ձեռքերիցս գնալու է : Համաշխարհային առողջապահության կամ Համաշխարհային բանկի վրա հույս դնել չենք կարող:  
 Գուցե  հույսերս դնենք  հայազգի Նուբար Աֆեյանի վրա, ով  երեք տարուց  ավել աշխատում է ԱՄՆ Ազգային առողջապահական ինստիտուտի հետ ու զբաղվել  կորոնավիրուսի նախորդ տարբերակների դեմ պատվաստանյութի հետազոտություններով:  «Մենք պատրաստ էինք թե՛ տեխնոլոգիայի, թե՛ փորձառության առկայության տեսանկյունից, ու շուտով իրենց հետ միասին կարողացանք ստեղծել պատվաստանյութի մեր տարբերակը»,-գրել է Աֆյանը: Դեռ այդ պատվաստանյութը պիտի փորձարկվի կենդանիների, առաջին հերթին մկների վրա: Դե ինչ, նորից հույսերս պիտի մկան վրա դնենք, մոռանալով, որ ժամանակին «Մուկ» մականունով վարչապետ ենք ունեցել, հույսերս չի արդարացրել: 
Մինչ հայազգի Նուբար Աֆյանի ջանքերով պատվաստանյութը  կգործադրվի մինչև աշուն, անհրաժեշտ է, որ մենք էլ մեր հերթին հաղթահարենք  մեզ պատուհասած, մեր մեջ մտած Վախն ու անհուսությունը և մեր կառավարության  գործադրած ջանքերին սատարենք մեր գիտակից մասնակցությամբ և աջակցությամբ:
 
ԱՆՎԵՐՋ ՎԵՐՋԱԲԱՆ
Ուզում եմ վերջացնեմ այս պատմությունը, սակայն, չգիտեմ ինչու, վերջը չեմ տեսնում:Մինչև հիմա իմ առօրյա կյանքը, անցնող օրերս կապում էի Նիկոլ Փաշինյանի, մեկ-մեկ էլ Պուտինի հետ, բայց հիմա կարծես թե  Ջո Բայդենը և Դոնալդ Թրամբն էլ են ներխուժել: Ասում են Կորոնայից հետո շատ բան է փոխվելու մեր կյանքում, մեր ճաշակներում: Ճաշակի հարցում վստահ չեմ, որովհետև ճաշակը, իմ կարծիքով,  ճաշի հետ  կապ ունի:Տնից դուրս չգալով մենք արդեն մոռացել  ենք  ճաշերի համը և  պամիդորով ձվածեղ պատրաստելու Մաստեր-կլասս կարող է  կորցնեմ և ոչ մի Ջո Բայդեն կամ Դոնալդ Թրամբ  այդ հարցում չեն կարող  օգնել ինձ: Ռուսաստանում այս օրերին խոսում են, որ իրենց երկիրը կվերադառնա անցած դարի 90-ականների մակարդակին: Ես չգիտեմ մենք էլ ենք վերադառնալու մութ ու ցուրտ այն տարիներ, թե աշխարհի հետ գնալու ենք ավելի հեռու մինչև նախնադարյան համայնական կարգեր: Այս Կորոնայից ամեն ինչ սպասելի է:
 
 
Մնացական Հարությունյան
լրագրող, հրապարակախոս, Հրազդան TV հիմնադիր-տնօրեն 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play