Վերջանական որոշում է կայացվել․ ՍԴ հարցի հանգուցալուծումը պարզ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20-05-2020 13:54:21 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատել էր, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Եվ այժմ կառավարությունը քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը, և այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որևէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն: Չնայած դրան, կար դրույթ, որով էլ արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ ահա, այժմ առաջին հերթին նախագիծ կբերվի խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել: Արդեն դրանից հետո, այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում՝ քվեարկության միջոցով:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին, սակայն նա նշեց. «Այս պահին ժամկետ նշել չեմ կարող: Հրապարակման ենթակա նորություն լինելու պարագայում անպայման կտեղեկացնեմ»:
Նշենք, որ ի սկզբանե, մինչև հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը ևս քննարկվել է, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միությունը վերջին շրջանում բավական պասիվ է, քանի որ միության նախագահ Արա Աբրահամյանը վերջերս է վիրահատվել։ Այս մասին մեզ հայտնեց միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
Վերջինս ընդգծեց, որ իրենք ավելի ակտիվ համագործակցել են նախկին իշխանությունների հետ, Սփյուռքի նախարարության միջոցով, չնայած համագործակցում են նաև նոր իշխանությունների հետ»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության կողմից գործարկված հակաճգնաժամային ծրագրերից օգտվել են նաև Արցախի Հանրապետության բնակիչները, ինչը, ըստ էության, սոցապ նախարարության բացթողումն է: Խոսքը հազարը գերազանցող շահառուների մասին է:
Այդ գումարը, ըստ էության, հնարավոր չէ վերադարձնել, քանի որ Արցախի բնակիչները առցանց դիմել են օգնության համար, և նրանց դիմումը հաստատվել է օրինական կարգով»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության ղեկավարին հարց էր ուղղել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շուրջ՝ հետաքրքրվելով նաև, թե, օրինակ, ինչ է սպասվում Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերության և Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, երբ արդեն գրավադրված են նրանց գույքերը:
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել էր. «Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազության ներսում արդեն քննարկումներ կան, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մելքոնյանի անունը:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ճշտելու ինֆորմացիան, որտեղից հայտնեցին. «Այս փուլում այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելիք դատախազների, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է: Ամբողջ համալրման գործընթացը լինելու է հրապարակային, մրցակցային, և բոլորը տեսնելու են՝ ովքեր են դիմել և ովքեր են նշանակվել», – նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նկատենք, որ չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ստորագրել է մայիսի 11-ին, և այն պետք է ուժի մեջ մտնի 10 օր անց, այսինքն՝ մայիսի 21-ից, սակայն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կարող է սկսվել միայն Գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Եվ ինչպես պարզվեց, այդ օրն այնքան էլ մոտ չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս այդ օրը Արցախում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաեւ խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ մեր տեղեկությունների, որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները:
Այս օրերին իշխանությունների ներսում թեժ քննարկում է իրականացվում այն մասով, թե կոնկրետ քանի անձ պետք է մեկնի Արցախ՝ երդմնակալության արարաղությանը մասնակցելու համար, քանի որ վիրուսի տարածումից խուսափելու համար ամեն ինչ արվում է սակավաթիվ մարդկանց Արցախ «ուղարկելու» ուղղությամբ:
Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության և ՏԻՄ-երի միջև փոխհարաբերություններում գոյություն ունեցող խութերին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք։
Քանիցս ենք նշել, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ամենացավոտ հատվածը հենց տարածքային կառույցներն ու «նախկին իշխանությունների» հետ ասոցացվող, իսկ ավելի ստույգ՝ «թրի տակով չանցած» համայնքապետներն են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում վերջերս քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ այդպիսի համայնքապետների հետ կապված կոնկրետ քայլեր են նախատեսվում իրականացվել՝ ընդհուպ ձերբակալություններ ու կալանավորումներ։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իրեն ամենաթույլն է զգում Լոռու և Սյունիքի մարզերում: Մասնավորաբար, Սյունիքում պլանավորել են մի շարք համայնքապետների նկատմամբ նման գործընթաց իրականացնել, ի մասնավորի խոսքը Կապանի և Մեղրիի համայնքապետների մասին է (Գորիսի քաղաքապետի նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործ կա, իսկ Կապանի քաղաքապետի բնակարանն են խուզարկել)։
Պատկերը տխուր է նաև Լոռու մարզում, որտեղ մոտ մեկ տարի է՝ թիրախում են Թումանյանի և Ստեփանավանի համայնքապետները, իսկ Օձունի և Շնողի համայնքապետների նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված։ Թե՛ մարզերի, թե՛ համայնքապետների ցուցակը, սակայն, սրանով չի սահմանափակվի:
Ըստ մեր աղբյուրների, այս հարցում իշխանությունների համար իսկական մահակ է հանդիսացել նաև խորհրդարանի կողմից վերջերս վավերացված՝ «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել Էջմիածնի ՋՕ-ի հերթական տնօրենը՝ Արման Ղալեչյանը: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա սկզբին՝ հունվարին:
Նա վերջին երկու տարվա ընթացքում ՋՕ-ի արդեն չորրորդ ղեկավարն է, որ նշանակվում և ազատվում է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանում գնալով խորանում է տեսակետը, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային ֆինանսական շուկայի կարևոր խաղացող։ Բանն այն է, որ տնտեսության ավանդական ոլորտներում կտրուկ և շատ արագ զարգացում դժվար է ապահովել, իսկ ահա ֆինանասական շուկայում ճիշտ քայլերի դեպքում հնարավոր է երկիր ուղղել լուրջ շրջանառություն:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը «կրիպտո Շվեյցարիայի» վերածելու հնարավորություն ունի և այն թույլ կտա մեր երկրում բացել կրիպտոարժույթների (բիթքոյնների, էթերիում ևն) փոխանակման գրասենյակներ, բորսաներ, կանխիկացման կետեր, որն իր հերթին կաշխուժացնի տնտեսության այլ ճյուղեր ու երկիր կհոսեն հարյուր միլիոնավոր դոլարներ։ Ավելին՝ նման գործունեության համար որևէ խոչընդոտ չկա նաև Արցախի համար, ու մեզ փոխացնեցին, որ կրիպտոարժույթների կանխիկացմամբ, առուվաճառքով զբաղվող հայկական ընկերություններից մեկն արդեն բացել է իր մասնաճյուղն Արցախում, որը դեռևս միակն է ու կարող է դառնալ Արցախի ֆինանասական անկախության բաղկացուցիչներից մեկը։ Առհասարակ այսօր աշխարհում շատ են վերլուծություններն առ այն, որ ապագան կրիպտոարժույթներինն ու էլեկտրոնային փողերինն է, իսկ նման պրոդուկտներ արդեն իսկ ստեղծել են Չինաստանը, Ճապոնիան, Ֆեյսբուք սոցիալական ցանցը և տարբեր կորպորացիաներ ու պետություններ։
Այս թեմայով մենք կապվեցինք Հայաստանում կրիպտոարժույթի առուվաճառքով զբաղվող արաջատար Tetchange ընկերության հիմանադիր Հրաչյա Դանիելյանի հետ, ով նշեց, որ Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն սպասվող տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծել երկիր մտնող ֆինանսների լրացուցիչ հոսքեր, լուծել արտարժույթի պահուստների ապահովման լրացուցիչ հնարավորություններ, ինչպես նաև դարձնել մեր երկիրը կրիպտոտուրիզմի կենտրոն, քանզի ըստ Դանիելյանի, աշխարհում նշմարվում է բացառապես կրիպտոարժույթներով առևտուր ու վճարումներ կատարել ցանկացող զբոսաշրջիկների կտրուկ աճ։ Tetchange-ի հիմնադիրը նշեց նաև, որ հասունացել է ՀՀ-ում այս ոլորտը կարգավորող օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ պատրաստ են այս հարցով մասնակցել մասնագիտական քննարկումների»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բանկային համակարգը վերջին երեք ամիսներին աշխատում է չափազանց պասիվ և ինչ-որ իմաստով սպասողական դիրք է բռնել։ Բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրելուց՝ իրենց հաճախորդներին խնդրելով սպասել ևս մի քանի շաբաթ։
Այս վիճակը հատկապես ծանր է անդրադառնում գյուղացիական տնտեսությունների վրա, քանի որ տնտեսության այս ճյուղը չի կարելի կոնսերվացնել և սպասել ավելի լավ ժամանակների»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի՝ Գեւորգ Փարսյանի եւ Մանվել Փարմազյանի տներում։ Խոսվում էր նաեւ Տաթեւի համայնքապետ Մուրադ Սիմոնյանի մասին։
Կապանի ձախողված ընտրություններից հետո եւ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, իշխանությունը, ասում են, որոշել է դիրքավորվել՝ Սյունիքում հեռացնելով ոչ յուրային համայնքապետերին։ Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը լսել է, որ գործընկերների տներում խուզարկություն են կատարել, իրեն դեռ չեն հասել, բայց շատ կուզենար, որ իր տունն էլ խուզարկեին։
«Դե, պապական տուն ա, կարող ա հնուց մնացած ոսկի-մոսկի գտնեին, ինձ էլ բաժին լիներ»,- կատակեց նա։ 2007-ից նա Տաթեւ համայնքի ղեկավարն է, 2016-ից, իր խոսքով, դաժան մրցակցության արդյունքում 3 թեկնածուից ժողովուրդն իրեն է ընտրել՝ 8 միավորված համայնքների ղեկավար։ «Որ իմ տակը մի բան լիներ, ինձ կընտրեի՞ն»,- մեր հարցին հարցով է պատասխանում նա։
«Մենք աղքատ մարդիկ ենք, բիզնես չենք կարողանում դնենք, տղաներիս մի բանի հասցնեմ․ գան խուզարկեն, որ ի՞նչ անեն։ Սոված-ծարավ չենք, բայց բիզնես չունենք»։ Մուրադ Սիմոնյանն ասաց, որ անկուսակցական է․ «Ես միշտ եմ ասել՝ իշխանության կողմնակից եմ, բայց կուսակցական չեմ»։
Համայնքապետի նկատմամբ կոշտ մեթոդներ չեն կիրառվում գուցե այն պատճառով, որ եկող տարվա փետրվարին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, կրկին առաջադրվելու մասին էլ դեռ որոշում չունի։ Քաղաքական «դաբրոյի» չի սպասում․ «Ես երբեք չեմ սպասել դաբրոյի, եւ 2016 թվականին էլ թերթերը գրեցին, որ վերջապես Տաթեւում արդար ընտրություն իրականացավ։ Ես արդեն 60 տարեկան մարդ եմ, ուղղորդելով չեմ աշխատի, ժողովուրդն ուզեց՝ կառաջադրվեմ, չէ՝ չէ»։
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը, որը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրի համար։ Բացի այն, որ վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, տնտեսությունը լուրջ վնասներ է կրում ստեղծված իրավիճակի արդյունքում։
Ստեղծված իրադրության պայմաններում դեռեւս վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը։ Սակայն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել։ Եվ իշխանությունները հանրությանը սկսել են նախապատրաստել, որ կորոնավիրուսի վարակման վտանգը կարող է տեւել մեկ տարի եւ ավելի, ուստի, ըստ նրանց, պետք է համակերպվել եւ գործունեություն ծավալել այդպիսի պայմաններում։
Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ համավարակի եւ արտակարգ դրության հայտարարման պարագայում առկախվեց իշխող ուժի համար մի գերկարեւոր գործընթաց։ Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլի 5-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով խնդիր էր դրված փոխել Սահմանադրական դատարանի գործող կազմը։
Ու հանրաքվեի անցկացման կարեւորությունը հիմնավորվում էր նրանով, թե այդ հարցում ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը, քանի որ ի վերջո իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Մի կողմից էլ նպատակ կար, որ եթե հանրաքվեից հետո ՍԴ-ում կատարված փոփոխությունների շուրջ իրավական խնդիրներ առաջանային, ապա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունները կարող էին գցել քաղաքացիների վրա։ Եվ վերջապես իշխանությունները հանրաքվեի արդյունքում կարող էին հասկանալ, թե որքանով է նվազել իրենց վարկանիշը հանրության շրջանում։ Բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ։
Եվ այն պայմաններում, երբ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արդյունավետ եւ գրագետ պայքար մղել, որի արդյունքում վատացել է երկրի սոցիալտնտեսական իրավիճակը, իշխող ուժի համար պետք է պարզ լինի, որ եթե առաջիկայում, թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա ազատ ու անկախ քվեարկության պարագայում «այո»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը։
Մեծ է հավանականությունը, որ իշխանություններն ուղղակի պարտություն կրեն։ Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը սահուն ձեւով հրաժարվում է հանրաքվե անցկացնելու գաղափարից։ Եվ օրերս իր առցանց ասուլիսի ընթացքում վերջինս հայտարարեց, թե առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի հանրաքվե չեն կարող անցկացնել։
Ու ամենատարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որեւէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան հանրային առողջության շահը, բայց քննարկում են ՍԴ-ի հարցը որեւէ բանաձեւով Ազգային ժողովում մասնակի կամ ամբողջական լուծելու խնդիրը, եւ այդ հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով։
Ստացվում է, որ իշխանությունները այնքան են կարեւորում իրենց քաղաքական շահը, որ անտեսում են հանրության կարծիքը սույն հարցի վերաբերյալ։ Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ հնարավոր էր նաեւ հարցի լուծումը տալ միանգամից այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կներկայացնի իր մշակած փոփոխությունների փաթեթը։
Սակայն իշխանությունները չեն ուզում գնալ այս տարբերակին, քանի որ իրենց շահը պահանջում է ինչքան հնարավոր է շուտ ողջ իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում, իսկ ՍԴ-ն, ինչպես գիտենք, լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին եւ հակակշռում է իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերին, որը կառավարում է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը։
Այնպես որ, թեպետ իշխանությունն իր համար հնարավորություն է ստեղծում ԱԺ-ում ՍԴ-ի հարցին արագ «լուծում» տալ, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ԱԺ-ի միջոցով խնդիրը լուծելու հետ կապված իշխանությունները հետագայում լուրջ խնդիրներ են ունենալու, քանի որ իրավական տեսանկյունից, ինչպես կարծում են մեծ թվով իրավաբաններ, դա իշխանազավթում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» եւ հրապարակային պատժի կազմակերպմամբ։
Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։
Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։
Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն ե՛ւ «Սերժի մնացուկից», ե՛ւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»: