«Կողբ» հիմնադրամը մեկնարկել է հերթական կրթական նախագիծը


«Կողբ» հիմնադրամը մեկնարկել է հերթական կրթական նախագիծը

  • 04-06-2020 15:49:53   | Հայաստան  |  Հասարակություն

«Կողբ» հիմնադրամը հայտարարել է մրցույթ 10 տարեկանից բարձր երեխաների համար ժամանցային գրավիչ տեսախաղի մշակման և ներդրման նպատակով, որը կոչված կլինի զարգացնել երեխաների մտածելու, հասկանալու, որոշում ընդունելու, ստեղծելու և բնությունը պահպանելու կարողությունները, ինչպես նաև հնարավորություն կտա խաղի միջոցով ձեռք բերած հմտությունները կիրառել իրական կյանքում: 
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: Մրցույթի 1-ին փուլում մասնակիցներից պահանջվելու է ներկայացնել տեսախաղի իրագործման գաղափար-հայեցակարգեր, որոնցից առավել յուրօրինակ, ստեղծարար և նորարարական առաջարկները կանցնեն մրցույթի 2-րդ փուլ, որի ընթացքում արդեն մասնակիցներից կպահանջվի ներկայացնել ընտրված գաղափարների տեխնիկական լուծումներն ու ֆինանսական առաջարկը: 
 
Մրցութային առաջարկների գնահատման համար հիմնադրամը ներգրավել է կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետների՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան; բանասեր, մշակութաբան Նունե Դիլանյան; ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյան և Տրիադա Ստուդիո Գեյմս ընկերության համահիմնադիր-տնօրեն Արա Աղամյան:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ  անհատներ կամ անհատներից բաղկացած թիմեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Մրցույթի 1-ին փուլի առաջարկների ներկայացման վերջնաժամկետը ս/թ հուլիսի 1-ն է: Մրցույթի կանոնները ներկայացված են հետևյալ հղմամբ` https://bit.ly/2XOxjdg :
 
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշեց. «Այսօր երեխաները բավական շատ ժամանակ են անցկացնում` համակարգչային խաղեր խաղալով։ Այս նախագծի արդյունքում, կարծում ենք, կկարողանանք երեխաներին առաջարկել պրակտիկ, նորարար և միևնույն ժամանակ արդյունավետ կրթական գործիք, որը ժամանցի միջոցով հնարավորություն կտա զարգացնել երեխաների համար այդքան ակտուալ վերոնշյալ կարողությունները »:
 
 
 
Հարգանքով՝
«Կողբ» հիմնադրամ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play