Գագիկ Ծառուկյանը «բուժեց» վարչապետին. արագ արդյունք


Գագիկ Ծառուկյանը «բուժեց» վարչապետին. արագ արդյունք

  • 08-06-2020 17:18:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարության հրաժարականի մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պահանջը կամ հայտարարությունը Հայաստանում ավելի է սրել ներքաղաքական իրադարձությունների հանրային ընկալումները: Իրավիճակն այդ առումով սակայն ավելի շուտ սահմանակից է իռացիոնալի: Համենայն դեպս, կառավարության հրաժարականի պահանջը ընկալվում է այնպես, կարծես այդ պահանջն արդեն իսկ բավարար է կառավարության պաշտոնանկության համար:
 
Եթե խորքային առումով այստեղ անշուշտ կան տարբեր կողմերից քաղաքական նկատառումներով գեներացվող տեխնոլոգիաներ, ապա հանրային դաշտում խուճապի, առավել եւս վախճանաբանական տոնայնությամբ ուղեկցվող խուճապի հանգամանքը առավել քան տարօրինակ է:
 
Բանն այն է, որ կառավարության հրաժարական պահանջում է մի ուժի նախագահ, որը խորհրդարանի 2018 թվականի արտահերթ ընտրությանը ստացել է մոտ 10 տոկոս ձայն եւ դա եղել է երկրորդ ցուցանիշը: Իսկ Իմ քայլը մեծամասնությունը ստացել է 70 տոկոս ձայն:
 
Այդպիսով, առաջանում է հարց. 70 տոկոս քվե ունեցող մեծամասնության համար ինչ կարող է լինել 10 տոկոս քվե ստացած ընդդիմադիր համարվող ուժի հրաժարականի պահանջը: Արդյոք դա կարող է լինել հանրային մեծ իրարանցման, վախճանաբանական երանգներով խուճապի եւ այլնի առարկա: Կարող է լինել, մի դեպքում, եթե ընտրությունից մեկուկես տարի անց չկա 70 տոկոս վստահության քվեն եւ ուժերի հարաբերակցությունն այլեւս շատ մոտ է, այնքան մոտ, որ հրաժարականի պահանջը դառնում է քաղաքական լուրջ մարտահրավեր:
 
Այդպե՞ս է, թե ոչ: Այն, որ խորհրդարանի ընտրությունից մեկուկես տարի անց հնարավոր է վստահության վարկանիշի փոփոխություն, կան կառավարման արդյունքից դժգոհներ, անգամ հիասթափություն ունեցողներ, թերեւս կասկածից վեր է: Բայց չկան նախանշաններ, որ այդ ամենն ունի այնպիսի մասշտաբ, որ հիմք տա խոսել քաղաքական դիրքերի հարաբերակցության փոփոխության մասին:
 
Սոցիոլոգիական հարցման ինստիտուտը Հայաստանում արդյունավետ, եւ ցավալիորեն գլխավորը՝ վստահելի չէ:
 
Հետեւաբար, եթե գործ ունենք ուժերի ընդհանուր առմամբ այն հարաբերության հետ, որ կար խորհրդարանի ընտրությանը, ապա հրաժարականի Գագիկ Ծառուկյանի եւ որեւէ ուժի պահանջը ոչ միայն կառավարության եւ նրա համախոհ հանրության համար քաղաքական ապոկալիպսիս չէ, այլ հակառակը՝ կարող է ունենալ բարեբեր ազդեցություն:
 
Ի դեպ, հունիսի 5-ին հնչած հայտարարությունից երեք օր անց պարզ դարձավ, որ վարչապետն ու ընտանիքը ապաքինվել են կորոնավիրուսից, որի դրական թեստի մասին հայտնել էին ուղիղ մեկ շաբաթ առաջ: Փաստորեն տեղի է ունեցել բավական արագ ապաքինում:
 
Ինչ խոսք, դա խորհրդանշական հանգամանք է, ընդամենը, եւ ոչ թե Ծառուկյանի մոգական ազդեցություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play