Եղբայրները իրար չեն դավաճանում. սպասենք հիմնական պրեմիերային


Եղբայրները իրար չեն դավաճանում. սպասենք հիմնական պրեմիերային

  • 23-06-2020 16:03:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Հեղափոխությունից հետո, ժողովրդական պահանջ կար, մաքրել դատական համակարգը այսպես կոչված Սերժի մնացորդներից։
 
Իշխանությունը ասաց, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով, անցումային արդարադատության՝ վեթինգի միջոցով, ինչպես նաև շեշտեց, որ կա նաև Սերժի մնացորդ դատավորներից ազատվելու ևս մեկ միջոց, դա Արդարադատության Նախարարի լիազորություն է, ապօրինի դատական ակտ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։
Հետագայում, Արդարադատության Նախարարը համոզեց Վարչապետին, որ կա սահմանադրության հետ խնդիր և այսպես կոչված վեթինգը, որը չգիտես ինչու մեղմացավ բարեվարքության աստիճանի, կարող ենք իրականացնել 2017թ-ից վերև գործերի նկատմամբ։
Մեր կողմից, վերը նշված դրույթների համաձայն, վերջին վեց ամսում Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանին է ներկայացվել մոտ 15 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ։
Նշեմ այդ հաղորդումների հիմքերից մի քանիսը՝
Դատավորներից մեկը քրեական գործով հաղորդում է ներկայացրել մի անձի նկատմամբ և մեղադրել վերջինիս 2003թ-ին իր առանձնատունը հրկիզելու համար, որից հետո 11 անգամ վարույթ է ընդունել այդ անձի գործը և կայացրել հակառակ որոշում, ինքնաբացարկ չի հայտնել։
Մեկ այլ դատավոր, նախկինում քննել է նույն գործը, կայացրել վճիռ, այնուհետև կրկին մի քանի տարի անց վարույթ է ընդունել և կրկին քննել նույն գործը և կրկին հակառակ որոշում կայացրել, ինքնաբացարկ չի հայտնել։
Մեկ այլ դատավոր, առանց հարուցված քրեական գործի առկայության կալանավորել, այնուհետև երեք անգամ ապօրինի երկարացրել է վերջինիս կալանքը։
Եվս մեկ դատավոր, երեք անգամ հրաժարվել է քննել անձի կալանքի հարցը, և իր որոշումը հիմնավորելու համար կեղծել է վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը։
Արդարադատության նախարարին ենք դիմել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքական հայտարարություններ կատարելու փաստով։
Մնացած հաղորդումների հիմքերը եղել են ավելի հիմնավոր։
Ի դեպ ավելացնեմ նաև, որ վերը թվարկած 15 հաղորդումների օրինակները ուղարկվել են նաև ԲԴԽ։
Սակայն, դատական համակարգի ինքնամաքրման պատասխանատու Ռուստամ Բադասյանը ուղղակի երկու տողով հրաժարվել է այս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, պատճառաբանելով որ նրանց արարքներում, դատավորին ոչ վայել արարքներ չկան։
Ի դեպ, բոլոր 15 դատավորները ըստ նույն իշխանության, հանդիսանում են այսպես կոչված Սերժի մնացորդներ և բազմիցս արժանացել են իշխանության և ժողովրդի կոշտ քննադատությանը։
Օրերս տեղեկացա, որ Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, այն բանի համար, որ վերջինս անհարգալից է արտահայտվել ՀՔԾ պետի հասցեին։
Դեմ չեմ, վարույթ հարուցելու հիմք կա, եթե չլիներ մի բայց։
Արդարադատության Նախարարը, կարգապահական վարույթ հարուցելու դեպքում հանդես է գալիս որպես վարչական մարմին;
Ըստ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի
Հոդված 7. Կամայականության արգելքը
1. Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
2. Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով:
Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
Ասել, որ այս դրույթի մասին տեղյակ եմ միայն ես, կլինի միամտություն, ասել որ վերը թվարկած 15 դատավորները դրանից տեղյակ չեն կլինի աբսուրդ, քանի որ որպես շահագռգիռ անձ տեղեկացված են մեր հաղորդումների ընթացքից, ենթադրել, որ այս դրույթից չեն օգտվի Ազարյանի ներկայացուցիչները կլինի ուղղակի հիմարություն։
Ակնհայտ է նաև, որ ըստ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի վերը նշված դրույթի, ԲԴԽ-ն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Ազարյանին, մի պարզ պատճառով, քանի որ նմանատիպ և ավելի ակնառու խախտումների դեպքում, Ռուստամ Բադասյանը գտել է, որ դատավորների կողմից խախտում թույլ չի տրվել:
Այստեղից հարց է առաջանում, ինչ նպատակ է հետապնդում այս հերթական թատերական ներկայացումը։
Կա մի քանի տարբերակ՝
1․ Ռուստամ Բադասյանը այս միջոցով փորձում է ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ ինքը ամեն ինչ անում է, որ պատժի Քոչարյանին ազատ արձակած դատավորին, բայց այ ԲԴԽ-ն հակահեղափոխական է և ընդդիմանում է, չնայած որ ինքը հստակ վստահ է, որ օրենքը բացառում է այս իրավիճակում, ընդ որում հենց իր իսկ մեղքով, Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։
Արդյունքում  երկրի ղեկավարության մոտ վարկաբեկում է ԲԴԽ-ին։
2․ Եթե ԲԴԽ-ն այնուամենայնիվ, Ռուստամ Բադասյանի կողմից ստեղծված, Ազարյանին պատասխանատվության ենթարկելը բացառող հիմքերի առկայության դեպքում կփորձի պատասխանատվության ենթարկել վերջինիս, ապա ԲԴԽ-ն կվարկաբեկվի ամբողջ իրավաբանական հասարակության և դատավորների շրջանակներում։
Արդյունքում,  Ռուստամ Բադասյանի այս թատերական ներկայացման սցենարի զարգացման երկու դեպքում էլ ԲԴԽ-ն կանգնած է վարկաբեկման և սեփական դեմքը կորցնելու վտանգի առջև։
Անձամբ ինձ այս թնջուկում մի հարց է հետաքրքրում։
Դատավոր Ազարյանը, ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին, որի պաշտպանն է Կոնցերն Դիալոգ փաստաբանական ընկերության ավագ գործնկեր Օրբելյանը և պետք է, որ վերջինս շնորհակալ լիներ դատավորից։
Ռուստամ Բադասյանը, մինչև 2018 թ-ի մայիս ամիսը եղել է նույն Կոնցեռն Դիալոգ ընկերության բաժնետեր և Օրբելյանի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն, աշխատության համահեղինակը։
https://www.dialog.am/article/214, https://www.dialog.am/article/322, https://armtimes.com/hy/article/164399
Այստեղից էլ հարց է առաջանում, իր ո՞ր արարքով է զայրացրել Ազարյանը, Ռուստամ Բադասյանի ավագ գործնկեր Օրբելյանին, որ վերջինս որոշել է պատժել նրան, ձեռքի հետ էլ վարկաբեկել դատական համակարգի  հեղափոխությունից հետո փոխված միակ կառույց ԲԴԽ-ին:
Սպասենք թատերական ներկայացման մեծ հիմնական պրեմիերային:
 
Հ.Գ
Ի դեպ, Սարոյան եղբայրներ ֆիլմը, ստեղծված է մտածածին փաստերի հիման վրա, կյանքում երբեք եղբայրները իրար չեն դավաճանում, դե ֆիլմում էլ բուն իմաստով չդավաճանեցին իրար:
 
Արտակ Գալստյան
իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play