Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է


Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է

  • 13-07-2020 13:02:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական զինուժն ուժգին հարված է հասցրել Տավուշի սահմանների ուղղությամբ գրոհի ադրբեջանական փորձին: Ադրբեջանն ունի թե մարդկային, թե դիրքային կորուստ, որը ձգտում է վերականգնել, սակայն՝ անհաջող: Բարեբախտաբար, հուլիսի 13-ի կեսօրի դրությամբ հայկական զինուժն իր մարտական խնդիրները լուծել է առանց որեւէ կորստի: Սակայն ադրբեջանցիները շարունակում են հրետակոծությունը, փորձելով վերականգնել դիրքային կորուստը:
 
Հայկական զինուժը Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին լուծել է ոչ միայն իր մարտական խնդիրը, ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու սահմանը ադրբեջանական ոտնձգությունից պահելու հարց, այլ նաեւ ռազմա-քաղաքական խնդիրներ:
 
Իրավիճակի սրացումը հուշում է, որ Ադրբեջանում չկա իշխանություն: Օրերս գրել էի, որ Բաքվում առնվազն երկիշխանություն է, սակայն ոչ միայն զուտ իշխող՝ ափշերոնյան եւ նախիջեւանյան կլանների, այլեւ գործնականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական երկիշխանություն, առնվազն, որտեղ ներգրավված են Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ֆոնին հատկանշական է Թուրքիայի հայտարարությունը տեղի ունեցողի մասին, որտեղ աջակցություն են հայտնում Բաքվին, եւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի բազմիմաստ գրառումը Բաքվում «տապի» պակասի մասին:
 
Այդ իրավիճակում, Երեւանը Տավուշի սահմանային դիրքում ուժգին հակահարվածով թեժացնում է Բաքվի «տապը»: Դա գործնականում Երեւանի եւ նոր աշխարհակարգի առաջին հարվածն է Բաքվին: Ադրբեջանից սադրանքին Երեւանի ուժգին հակահարվածը հաջորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում երկու բավականին ուշագրավ հանդիպումների: Նախարարին այցելել էր նախ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երկու օր անց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը:
 
ԱՄՆ ու Չինաստանը գծում են նոր աշխարհակարգի սահմանները, ինչը բերել է ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության ավարտին: Դա էլ տեղի է ունենում ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի 100-րդ տարելիցի շեմին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակի ինքնիշխան դիմադրությամբ եւ հակահարվածով կանգուն մնացած Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել եւ ավելացրել է ինքնիշխանության պաշարը, ցույց տալով, որ չի ստացվի «թարմացնել» ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը դարձյալ հայության եւ Հայաստանի հաշվին:
 
Մնում է Ադրբեջանը, իսկ այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող պայմանավորվել, որովհետեւ կա Իրանը, ինչը բարդացնում է Բաքվի եւ Նախիջեւանի ռուս-թուրքական փոխանակումը: Հայաստանն այդ իրավիճակում Ռուսաստանի համար դառնում է կենսականորեն կարեւոր, քանի որ նոր՝ ամերիկա-չինական գծագրմամբ աշխարհակարգում Հայաստանը Մոսկվայի համար Կովկասում դերակատարումը պահելու անփոխարինելի տարբերակն է: Այդ համատեքստում հայաստանյան ներքին դաշտ է «նետվում» ինչ որ «հակառուսականության ալիքի» մասին խոսակցություն, իրադարձությունների տրամաբանությունը նենգափոխելու համար:
 
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց կոշտ ձեւով արձագանքեց հայ-ռուսական հարաբերության նենգափոխման այդ փորձին: Դրան հաջորդեցին ԱՄՆ եւ Չինաստանի դեսպանների այցերը ՊՆ, մեծ հաշվով արձանագրելով, որ նոր աշխարհակարգի օրակարգում չկա հայ-ռուսական հարաբերության խզման խնդիր, այլ հակառակը՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչի համատեքստում հայ-ռուսական սերտ հարաբերությունը դառնում է Կովկասում նոր աշխարհակարգի հանդեպ ռուսական քաղաքականության կանխատեսելիության վկայություն:
 
Դեսպանների հետ նախարարի հանդիպմանը հաջորդեց Հայաստանի ասիմետրիկ ուժգին պատասխանը ադրբեջանական անհասկանալի սադրանքին: Անհասկանալի այն իմաստով, թե հատկապես ո՞վ է սադրանքի հետեւում՝ Ալիեւը՞, թե՞ Թուրքիան, քանի որ Ալիեւն Ադրբեջանում այլեւս գործնականում կորցրել է իշխանությունը:
 
Երեւանը վերահաստատեց նոր աշխարհակարգի կայունացնող հանգույցի եւ միջազգային անվտանգության տրամաբանության տեսանկյունից իր ռեգիոնալ անփոխարինելիությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play