Կբարելավվի Ոստիկանության զորքերի ծառայողների սննդի կազմակերպման հարցը
16-07-2020 18:23:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունն ընդունել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու և գնման ընթացակարգ կազմակերպելու թույլտվության մասին» որոշում, որը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի ենթակայության ներքո գտնվող զորամասերի սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով: Ոստիկանությանը հանձնված գույքը, որը գտնվում է Դավթաշեն 2-րդ թաղամասում, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը։ Այսպիսով, որոշմամբ նախատեսվում է զինծառայողների սննդի պատշաճ ապահովում ինչպես ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ ՀՀ տարածաշրջանում զորավարժությունների և երթերի ընթացքում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների վայրերում:
Վարչապետի խոսքով՝ սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկա է, որն արդարացնում է իրեն: «Սակայն դա չի նշանակում, որ այն անթերի է, և որպեսզի համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա մենք պետք է շարունակենք բարելավվել այն բոլոր ուղղություններով: Պաշտպանության նախարարությունից հետո ոստիկանությունը քայլ է անում այդ ուղղությամբ, որը կարծում եմ՝ շատ կարևոր է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ տեղեկացրել է, որ այդ գործընթացը ՔԿՀ-ներում ավարտվել է և սննդի ծառայությունների մատուցման այդ համակարգից օգտվելու ցուցանիշը կազմում է 100 տոկոս։
Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Կառավարության որոշմամբ «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)՝ իրականացնելով 30 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ:
Գործադիրը հավանություն է տվել «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին: «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ծրագրի մասնակից համապատասխան կազմակերպություններին հողամասի հատկացման և դրա հետագա նպատակային օգտագործման ապահովման հարցը: Ըստ այդմ՝ սահմանվում է Ինժեներական քաղաքում հողամասերի անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին կամ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին փոխանցելու կարգը և պայմանները։