Հայկական կողմն իրականացրեց առաջին անգամ, Ալիեւը չէր հավատում ու չէր սպասում


Հայկական կողմն իրականացրեց առաջին անգամ, Ալիեւը չէր հավատում ու չէր սպասում

  • 17-07-2020 13:40:52   | Հայաստան  |  Վերլուծություն

Գիշերը Տավուշում անցել է համեմատաբար հանդարտ, սահմանին եղել են մի քանի ուղղությամբ զուտ հրաձգային կրակոցներ: Կպահպանվի՞ հանդարտությունը երկար, բարդ է ասել, որովհետեւ Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն եւ կորցրել ռազմավարական խորություն, ինչի հետ համակերպվելը լինելու է բարդ, եւ բարդ է լինելու սեփական հանրության մոտ այն մարսելը: Առավել եւս, որ պարտությունը բերել է ներիշխանական հակասությունների առավել մեծ լարման ու գեներացիայի:
 
Այդ տեսանկյունից, Ադրբեջանի հետագա պահվածքը կախված է լինելու ոչ թե իշխանության որոշումներից, այլ Բաքվում իշխանության հարցում ներքին ու արտաքին որոշումներից: Այդ հարցը սրել է Հայաստանը, բանակի աննախադեպ հարվածով: Աննախադեպ այն իմաստով, որ Հայաստանը գործնականում առաջին անգամ արել է այն, ինչի մասին զգուշացնում էր թերեւս 2014-15 թվականներից:
 
Ադրբեջանն այդ տարիներին ռազմա-քաղաքական մի շարք գործոնների եւ Հայաստանի սուբյեկտային թուլացման պայմաններում սահմանին դառնում էր ավելի ու ավելի սանձարձակ, այդ թվում` թե արցախյան, թե հայաստանյան սահմանների ուղղությամբ: Սանձարձակությունը հասավ այնտեղ, որ 2014-ի նոյեմբերին ադրբեջանցիները խոցեցին Արցախում վարժանքին առանց սպառազինության թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը, հետո մոտ երկու շաբաթ թույլ չտալով հայկական կողմին դուրս բերել զոհերի աճյունները: Ի վերջո դա արեց հայկական հատուկ նշանակության ջոկատը հատուկ օպերացիայով:
 
Հայաստանը այդ իրադրության պայմաններում սկսեց պարբերաբար հայտարարել, որ իրեն վերապահում է անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածի իրավունք, եթե Ադրբեջանի կողմում նկատի վտանգավոր շարժեր: Այդուհանդերձ, Հայաստանն այդպես էլ չէր գնում կանխարգելիչ հարվածի եւ ինքը 2016-ի ապրիլին Արցախում հայտնվեց հանկարծակի գրոհի տակ:
 
Այդ իմաստով, Տավուշում տեղի է ունեցել աննախադեպ իրողություն՝ հայկական բանակը, ըստ էության, հասցրել է կանխարգելիչ հարված, «ուազիկային» սադրանքին տալով ասիմետրիկ ուժգին պատասխան, որը թերեւս անսպասելի է եղել Ադրբեջանի համար: Ըստ ամենայնի, Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները, որ հայկական զինուժը ստեղծում է հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք ռազմական որեւէ սադրանքի պարագայում պատրաստ են գործողությունները արագորեն տեղափոխել հակառակորդի դաշտ եւ ծավալել այնտեղ, ադրբեջանական կողմն ընկալել է նախկինում հնչած հայտարարությունների համատեքստում: Բաքուն թերեւս կասկած չի ունեցել, որ Երեւանը չի գնա ասիմետրիկ-կանխարգելիչ հարվածի, այն էլ այնպիսի, որը կարող է փոխել ռազմա-քաղաքական իրադրություն: Իսկ հայկական կողմի զբաղեցրած ռազմավարական դիրքն այդպիսին է, ինչի մասն էլ վկայում է այն, որ առաջին արագ արձագանքողը Անկարան էր, իսկ Բաքվում գործնականում տեղի ունեցավ ներիշխանական «կայունության» փլուզում, այն էլ մի աստիճանի, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ստիպված էր ոչ միայն արտգործնախարարությունը փաստացի հայտարարել որպես դավաճանական կառույց, այլ նաեւ հայտարարել իր ու ադրբեջանական հանրության կոնֆլիկտի մասին՝ հազարավոր պահանջատերերի եւ 150 կամավորի մասին խոսուն հայտարարությամբ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play