Համանախագահները Հայաստանի միջուկային իրավունքի մասին


Համանախագահները Հայաստանի միջուկային իրավունքի մասին

  • 25-07-2020 12:38:06   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որով ողջունում են հուլիսի 16-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատված անդորրը եւ կոչ են անում կողմերին նախապատրաստվել առարկայական բանակցությունների: «Համանախագահները կրկին ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարեւոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից՝ ներառյալ քաղաքացիական հասարակությանը կամ խիստ կարեւոր ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները։ Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակավ հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահող երկրների ջանքերը եւ /կամ ձգտում են միակողմանի կարգով հաստատել կարգավորման գործընթացի ձեւաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը», ասված է Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարության մեջ:
 
Ակնհայտ է, որ քաղաքացիական թիրախավորման եւ ենթակառուցվածքի առումով համանախագահները դիտողություն են անում Ադրբեջանին, թեեւ առանց անուն տալու: Միաժամանակ, Բաքվին ուղղված դիտողություն է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին քննադատող հայտարարություններին անդրադարձը: Ինչ վերաբերում է այսպես ասած միակողմանի պայմաններին, այդպիսիք նրանք կարող էին տեսնել երկու կողմում էլ:
 
Այդուհանդերձ, չնայած հայտարարությանը, հազիվ թե համանախագահները տեսնեն առարկայական բանակցությունների վերադարձի որեւէ իրական հնարավորություն, եւ այստեղ իհարկե նրանք թերեւս կողմերին չէ, որ պետք է մեղադրեն: Կողմերից յուրաքանչյուրն իր կոշտ կարմիր գծի վրա է: Ըստ այդմ, չկա հեռանկար: Միաժամանակ,  ոչ միայն հեռանկար չկա ռազմական գործողության առումով, այլ դա կարող է հանգեցնել աղետի:
 
Այդ դեպքում առաջանում է հարց, իսկ ի՞նչ անել: Այդ հարցի պատասխանը պետք է հանձն առնեն համանախագահներն իրենք, որովհետեւ այդ հարցի պաասխանը թերեւս նրանց «քաշային կատեգորիայի» հարց է: Բանն այն է, որ «ինչ անել» հարցն առնչվում է ոչ թե արցախյան գործընթացին, այլ Թուրքիային: Այսինքն, եթե համանախագահները ստանան պատասխան հարցին, թե ինչ անել Թուրքիայի հետ, ապա արցախյան գործընթացի հետ այլեւս ոչինչ անելու կարիք չի լինի, իհարկե պայմանականորեն, այն իմաստով, որ գործընթացը էապես կարող է լիցքաթափվել լարվածության առումով, թեեւ բովանդակային տեսանկյունից այն կմնա տեղում:
 
Համանախագահները չունեն ընդհանուր հայտարարար Թուրքիայի հարցում: Գուցե ընդամենը այն, որ Անկարային չի կարելի տալ որեւէ ֆորմալ կարգավիճակ կարգավորման գործընթացում: Բայց դա իհարկե բավարար չէ, քանի որ Թուրքիան մոտ է Ադրբեջանին եւ դրանով իսկ բավականին «ներգրավված» է հարցին, առանց ֆորմալ կարգավիճակի:
 
Իսկ գուցե համանախագահները սկսեն քննարկել Հայաստանի միջուկային սպառազինության հարցը: Դա թվում է անհավանական ու աներեւակայելի: Բայց, որքան էլ տարօրինակ չհնչի, Հայաստանի միջուկային հնարավորությանը Մինսկի խմբի համանախագահներից ավելի շուտ դեմ կարող է լինել դաշնակից համարվող Ռուսաստանը, քա մյուս երկու երկիրը՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Որովհետեւ այդ տեխնոլոգիայի պարագայում Հայաստանը ձեռք կբերի զգալի ռազմա-քաղաքական անկախություն եւ ինքնաբավություն, իսկ Ռուսաստանը դրան վերաբերում է մեծ վախով ու կասկածով: Բայց, հնարավոր է համատեղ աշխատանքի դեպքում ցրել այդ կասկածը, առավել եւս, որ ներկայում ավելի մեծ խնդիր է հենց Թուրքիան:
 
Ի վերջո, Մինսկի խմբի համանախագահները եկել են ընդհանուր հայտարարի եւ համաձայնության Հայաստանի Իսկանդերի հարցում: Իհարկե, համեմատությունը կարող է կոռեկտ չթվալ, միաժամանակ այն ըստ էության ուղիղ համեմատություն էլ չէ: Գլխվոր խնդիրը այն ռազմա-քաղաքական իրավիճակն է, որի վրա ձեւավորվել է այդ ընդհանուր հայտարարը, առանց որի Հայաստանն Իսկանդեր չէր ստանա:
 
Այդ հողը այսօր վերստին ձեւավորել են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ դա այնքան լուրջ է, որ համանախագահները հարկ են համարել ընդգծել այդ հանգամանքն իրենց հայտարարությունում:
 
ՀՀ արտգործնախարարն օրերս հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը համանախագահ երեք երկրների հետ: Իսկ այդ առումով համանախագահների հետ աշխատանքի ի՞նչ ուղղություն կա ավելի կարեւոր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play