Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ


Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ

  • 29-07-2020 13:23:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ:
 
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրին իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
 
Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններին:
 
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ստեփանյանը նաև հավելեց, որ պետք չէ ողբերգության վերածել այն, որ երեխան առաջին տարում չի ընդունվել բուհ:
 
«Եթե երեխան առաջին տարում չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, պետք չէ սա սարքել անձնական ողբերգություն: Իմ հայրը 6-րդ փորձից է ընդունվել համալսարան, ես էլ դժվարությամբ եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Որևէ մեկը չի կանխատեսել, որ հնարավոր է երկրում լինի արտակարգ դրություն»,- ասաց Լիլիթ Ստեփանյանը:
 
Դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին նաև, որ փոփոխված ընթացակարգի մասին իրենք պատշաճ չեն ծանուցվել:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play