Անկարան զգուշացնում է Մոսկվային

22-10-2020 10:40:10   | Հայաստան  |  Վերլուծություն
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Ռուսաստանը փորձեց լուծում գտնել եւ բանակցություններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա չհաջողվեց անել: Այն, որ Թուրքիան ներկա չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել», ասել է Օքթայը:
 


Նա նաեւ հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելու համար: «Մեր նախագահը այդ մասին հայտարարել է առաջին օրվանից: Թուրքիան չի տատանվի, մեր նախագահը չի տատանվի [այս հարցում]»:
 
Թուրքիայի փոխնախագահն արտահայտվել է հնարավորինս հստակ․ Անկարայի նպատակը Հարավային Կովկասում այս փուլում Ռուսաստանին հավասար դերակատարության հասնելն է կարգավորման գործընթացի միջոցով, որը մինչ այժմ մերժվել է թե Ռուսաստանի, թե Մինսկի խմբի համանախագահների
կողմից։
 
Թուրքիան շարունակում է ճնշումն այս ուղղությամբ, որն արտահայտվեց Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության համաձայնագրի եւ Ղրիմի պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների տեսքով։ Ներկայում դրան ավելանում է Ադրբեջան զորք մտցնելու սպառնալիքը։
 
Ղարաբաղյան պատերազմին զուգահեռ պատերազմ է ընթանում Բաքվի վրա ազդեցության համար, որին կարող է ներգրավվել նաեւ Իրանը։ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դերակատարությունը պահելու համար առաջարկել է Լավրովի պլանը, որը շատ թույլ փաստարկ է ներկայիս բարդ իրավիճակում։ Բաքվի ու Անկարայի հետ պայմանավորվելու հիմքով քաղաքականությունը Ռուսաստանին կանգնեցրել է ոչ միայն Հարավային Կովկասը կորցնելու հեռանկարի առաջ։
 
Ի՞նչ է պատասխանելու Մոսկվան Անկարայի սպառնալիքին։ Փորձագետները խոսում են ռուսական զորքի ներգրավման հնարավորությունների ու հիմքերի մասին, թեեւ պաշտոնական շրջանակներից հստակ ազդակներ առայժմ չեն ստացվում։ Մոսկվայում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ սերտ աշխատելու հարցում, սակայն ԱՄՆ-ից նույնպես հստակ ազդակներ առայժմ չեն ստացվում։
 
Ավելորդ չէ ասել, որ այս իրավիճակն ինչպես լուրջ մարտահրավերներ, այնպես էլ լուրջ քաղաքական ու ռազմական հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1544 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար