Իշխանությունները համաձայնելու են գնալ արտահերթ նախագահական<br /> ընտրությունների,- համոզված է Վահագն Խաչատրյանը<br />


Իշխանությունները համաձայնելու են գնալ արտահերթ նախագահական
ընտրությունների,- համոզված է Վահագն Խաչատրյանը

  • 19-03-2009 17:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանու ընտրությունները Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համար ոչ թե քաղաքապետի պաշտոնին տիրանալու միջոց են, այլ առիթ` ապացուցելու, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններում հաղթել է առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Այլընտրանք» քաղաքական-հասարակական նախաձեռնության անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մարտի 19-ի ասուլիսում: Նրա խոսքերով, դատելով այն հանգամանքներից, որ 2008թ.-ի ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանն իր քվեների մեծամասնությունը ստացել էր Երեւանում, եւ որ մայրաքաղաքում իշխանությունները միշտ էլ դժվարությամբ են կեղծիքներ իրականացրել, ՀԱԿ-ի հաղթանակը մայիսի 31-ի ընտրություններում կասկած չի հարուցում: «Հաղթելով ավագանու ընտրություններում մենք շարունակելու ենք պահանջել իշխանությունների հրաժարականը եւ արտահերթ համապետական ընտրություններ»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Նրա կանխատեսմամբ, իշխանությունները չեն կարողանալու դիմակայել երկրի առջեւ ծառացած քաղաքական ու սոցիալ-տնտեսական մարտահրավերներին եւ արդյունքում համաձայնելու են գնալ արտահերթ նախագահական ընտրությունների: Այդ ընտրությունները, ըստ Վ.Խաչատրյանի, անցկացվելու են կամ 2009թ.-ին կամ էլ, ծայրահեղ դեպքում, 2010թ.-ի սկզբին: Անդրադառնալով ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» քննարկումներին, նախկին քաղաքապետը հույս հայտնեց, որ այդ երկու քաղաքական ուժերը ընդհանուր եզրեր, այնուամենայնիվ, կգտնեն: Վ.Խաչատրյանը կրկնեց, որ մայիսի 31-ին ոչ թե աթոռի հարց է լուծվելու, այլ վճռվելու է Հայաստանի հետագա ճակատագիրը:
Նոյյան տապան  -   Քաղաքական