Սյունիքում ոստիկանները մեծ քանակությամբ Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել


Սյունիքում ոստիկանները մեծ քանակությամբ Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

  • 20-11-2020 14:10:38   | Սյունիքի մարզ  |  Իրավունք



Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով,  տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի նմուշներ, ակցիզներ և այլն։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զենք-զինամթերքը վերցվել է։
 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ զենք-զինամթերքը բերվել է Արցախից։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։
 
`
Նոյյան տապան  -   Իրավունք