Կվերականգնվեն հրթիռակոծության հետևանքով ավերված բնակարանները. ԱՀ նախագահն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել

23-11-2020 13:10:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել: 
 
Երկրի ղեկավարն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը: Այս համատեքստում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հրթիռակոծության
հետևանքով ավերածությունների ենթարկված  բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին: Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարեսկզբից դպրոցական և նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքներ տրամադրելուն, ինչպես նաև աշնանացանը կազմակերպելուն վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 207 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար