Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները բարձր են գնահատում<br /> երկկողմ հարաբերությունները<br />


Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները բարձր են գնահատում
երկկողմ հարաբերությունները

  • 13-03-2009 16:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ի համատեղ ասուլիսում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Մանուչեհր Մոթթաքին բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունները: Ասուլիսին նախորդող հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Է.Նալբանդյանը իրանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մ.Մոթթաքին, գոհունակություն հայտնելով հայ-իրանական հարաբերություններից, միաժամանակ նշեց, որ նկատի ունենալով առկա հնարավորությունները, այնուամենայնիվ բավարար չի համարում հարաբերությունների ներկայիս մակարդակը: Ըստ նրա, եթե կյանքի կոչվեն երկկողմ պայմանավորվածությունները, ապա հայ-իրանական հարաբերություններն ավելի կզարգանան: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի առնչությամբ Մ.Մոթթաքին նշեց, որ Իրանը իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին: Ըստ նրա, Իրանը պատրաստ է օժանդակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը, ինչը արժանանացել է թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի հավանությանը: Սակայն Ղարաբաղի հակամարտությունը այն խնդիրներից է, որոնք, Մ.Մոթթաքիի խոսքերով, կարող են կարգավորվել միայն «աղյուսը աղյուսի վրա դնելով, որպեսզի ստացվի ամբողջական շենք»: Իրանի արտգործնախարարը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս Իրանում տեղի է ունեցել Տնտեսական գործակցության երկրների վեհաժողովը, որին մասնակցել է նաեւ Ադրբեջանը: Վեհաժողովը ընդունել է հակամարտությունների վերաբերյալ հռչակագիր, որում նշվում է, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ եւ բանակցային ճանապարհով: Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ իրանա-ամերիկյան հարաբերություններին: Իրանի արտգործնախարարը նշեց, որ Իրանը ամերիկյան նոր վարչակազմից սպասում է նոր քաղաքականության գործնական դրսեւորում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է Իրանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների, ապա Մ.Մոթթաքին նշեց, որ իրենք «սպասում են` տեսնեն, թե գործնական ինչ փոփոխություններ են կատարվելու ԱՄՆ-ի քաղաքականությունում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական