Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով
24-11-2020 17:36:53 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուս խաղաղապահներն ակտիվ, սեղմ ժամկետներում համապատասխան գործունեություն են ծավալել ու սերտ համագործակցում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքի հետ։
Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, կրակի դադարեցման մասին բոլոր պարտավորությունները, որոնց տակ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջնորդները, կատարվում են։
«Ռուս խաղաղապահներն ակտիվ և ամենասեղմ ժամկետներում համապատասխան գործողություններ են ծավալել։ Նրանք սերտ համագործակցում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական համայնքի հետ, օգնում լուծել մարդասիրական խնդիրները», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։