ՀՔԾ աշխատակիցները մասնակցել են ապօրինի գույքի բռնագանձման թեմայով քննարկման
08-12-2020 16:47:59 | Հայաստան | Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները 2020 թ. դեկտեմբերի 5-6-ը մասնակցել են երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի թեմաների վերաբերյալ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կազմակերպած մասնագիտական քննարկմանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ քննարկվող թեմաները կարևոր ու արդիական են փողերի լվացման և ապօրինի ձեռք բերված գույքը թաքցնելու դեպքերի քննության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակման նպատակով գերմանացի գործընկերների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Քննարկման ընթացքում փորձագետներն իրենց երկրի օրինակով ներկայացրել են ապօրինի հարստացման և երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձին առնչվող հարցերը, այդ թվում՝ միջազգային համագործակցությանն օժանդակող ցանցերի և իրավական փոխօգնության հարցումների հետ կապված աշխատանքների, փողերի լվացմանը նախորդող հանցանքների քննության առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել են փողերի լվացման գործնական դեպքերին:
Կողմերը, կարևորելով նման քննարկումների արդյունավետությունն ու բարձրացված հարցերի արդիականությունը, հույս են հայտնել, որ գործընկերային հարաբերությունների խորացմանը միտված հանդիպումներն ու փորձի փոխանակումը կշարունակվի նաև առաջիկայում: