Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ<br />


Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ

  • 05-03-2009 15:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 4-ի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, նույն օրվա մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնից եւ իշանակվել ՀՀ նախագահի խորհրդական: Տեղեկանք. Գագիկ Բեգլարյանը ծնվել է 1964 թվականին, Երեւանում: 1971-78 թվականներին սովորել է Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում: 1978-81 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի Պետական Համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: 1981-85 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: 1985-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ: Վերընտրվել է 2005-ին եւ 2008-ի սեպտեմբերի 28-ին: Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ է: 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման: Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նոյյան տապան  -   Քաղաքական