Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ

  • 12-12-2020 14:04:37   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
 
«Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:
 
Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։
 
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին»,- տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն