Հայաստան տեղափոխված 44 գերուց 26-ի մասով ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել ՄԻԵԴ
15-12-2020 12:10:43 | Հայաստան | Իրավունք
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ինչպես հայտնի է՝ երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի, որոնցից 26-ի մասով ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Այս ամբողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է մեր հայրենակիցների կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվորեն կապի մեջ է եղել գերեվարված անձանց հարազատների հետ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն գերատեսչություններին, միջազգային գործընկերներին և իրավապաշտպաններին, որոնք համագործակցել և շարունակում են համագործակցել Գրասենյակի հետ՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների իրավունքների։
Անվտանգության նկատառումներից, ինչպես նաև իրավասության առանձնահատկություններից ելնելով՝ մեր կողմից իրականացված ոչ բոլոր աշխատանքներն են ամենօրյա կտրվածքով հրապարակվում, ինչի առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։
Հ․Գ․ Հորդորում ենք զերծ մնալ վերադարձած անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց և շրջանառելուց»։