Անդրանիկ Փիլոյանը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ- ամերիկյան համագործակցությունը


Անդրանիկ Փիլոյանը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ- ամերիկյան համագործակցությունը

  • 15-12-2020 17:34:47   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը և երախտագիտություն հայտնել ԱՄՆ դեսպանության շարունակական համակողմանի աջակցության և արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած հումանիտար օգնության համար:
 
Իր հերթին դեսպան տիկին Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դժվարին ժամանակահատվածում ընդունելության համար և շնորհավորել նախարարին նշանակման առթիվ: Նա շեշտել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցության ծրագրերում առանցքային դեր ունի ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը և այդ գործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Տիկին դեսպանը նշել է նաև, որ ԱՄՆ ՄԶ ծրագրի միջոցով հնարավոր է եղել իրականացնել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի գնահատման և հաղթահարման ծրագրեր:
 
Նախարար Փիլոյանն ընդգծելով 2017-2019 թթ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակը կշարունակվի ամրապնդվել և ընդլայնվել: Նա կարևորել է ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ Գյումրի 1-ում և Աշոցքում հրշեջ-փրկարարական շենքերի և Սևան ազգային պարկի տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցումը: Նախարարը նշել է, որ փոխգործակցության համատեքստում դիտարկում է նաև համատեղ ուսումնավարժանքների անցկացումը և փորձի փոխանակումը՝ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:
 
Այնուհետև կողմերը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները: Առանձնացվել են պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակում հումանիտար աջակցության, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման և բնակչության պաշտպանության կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
 
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն