Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ տեսանյութերը հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են. ՀՀ ՄԻՊ


Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ տեսանյութերը հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են. ՀՀ ՄԻՊ

  • 16-12-2020 14:08:04   | Հայաստան  |  Իրավունք

 
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում երեկվանից տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը դրանց հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են:
 
Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների, քաղաքացիներն իրենք են պնդում, որ ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին: Այս մասին մեր աշխատակազմն ահազանգեր է ստանում երեկ ուշ երեկոյից մինչև այս պահը:
 
Բոլոր տվյալները փոխանցվել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատասխանատուին ու նրան ներկայացրել այս պահին մեզ մոտ առկա մանրամասները:
 
Հատուկ շեշտում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ: Երեկ գիշերվանից սերտ համագործակցված աշխատանք է ընթանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
 
Բայց նաև հստակ արձանագրում ենք, որ գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու պետական մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ առանց սպասելու՝ իրենց ուղղված դիմում կլինի թե ոչ:
 
Հատուկ պետք է նշել, որ նման դեպքերում նրանք պարտավոր են հրատապ կարգով տեղեկություններ փոխանցել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Սա պետք է լինի աշխատանքի անընդհատ գերակա սկզբունք:
Հակառակ պարագայում ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը հասարակությունում, ինչն արդեն համակարգային վտանգներ առաջացնելու ռիսկեր ունի»,- ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառման մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք