Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել
17-12-2020 12:15:38 | Հայաստան | Իրավունք
ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ 2020 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված՝ նույն օրը Երևան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան - Հր.Քոչար փողոցների խաչմերուկում, մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժանմունքում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև առերևույթ բռնության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող: Քննչական և դատավարական համապատասխան գործողություններով հաստատվել է մի խումբ անձանց կողմից վերջիններիս ծեծի ենթարկելու և հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը:
Արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել և տուժողներից մեկի նկատմամբ առերևույթ բռնություն է գործադրել Էջմիածին քաղաքի բնակիչ հանդիսացող Խ. Մ.-ն, վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում:
Պարզվել է նաև, որ մյուս տուժողի նկատմամբ խմբի կազմում, բռնությամբ զուգորդված խուլիգանությունն առերևույթ կատարել են Արտաշատ քաղաքի բնակիչներ Շ. Թ.-ն և Ս. Պ.-ն: Վերջիններս կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:
Նշված երեք անձանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: