«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»<br /> օրենքի փոփոխությունների եւ լրացումների քվեարկությունը հետաձգվեց<br />


«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին»
օրենքի փոփոխությունների եւ լրացումների քվեարկությունը հետաձգվեց

  • 23-02-2009 17:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 23-ին մեկնարկեցին Հայաստանի Ազգային Ժողովի հերթական քառօրյա լիագումար նիստերը: Օրակարգում 50 հարց է, այդ թվում ՀՀ նախագահի կողմից վավերացման ներկայացված 6 միջազգային պայմանագիր: Առավոտյան նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական սուրհանդակային կապի մասին» նախորդ քառօրյայում քննարկված օրինագիծը: Ի գիտություն ընդունվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի 2009թ.-ի տարեկան գործունեության ծրագիրը: Առաջին ընթերցմամբ քննարկված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթի քվեարկությունը` հեղինակների առաջարկությամբ, հետաձգվեց մինչեւ հաջորդ քառօրյա: Հետաձգումը պայմանավորված է նախագծերը հեղինակների համար ընդունելի առաջարկությունների հիման վրա լրամշակելու անհրաժեշտությամբ: Ինչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց օրենսդրական փաթեթի համահեղինակ, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ լիագումար նիստում, նաեւ արտախորհրդարանական քննարկումների ընթացքում ստացվել են բազում առաջարկներ, որոնցից հիմնականում ընդունելի են «հոգեորսություն» հասկացության հստակեցմանը եւ կրոնական կազմակերպությունների գրանցման համար անդամների անհրաժեշտ առաջարկվող նվազագույն քանակական շեմի իջեցմանը վերաբերող առաջարկները: Վերջինի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ առաջին ընթերցմամբ քվեարկության դրվելիք նախագծում կամրագրվի 500 թվաքանակը` նախնական տարբերակում նախատեսված 1000-ի եւ ներկայումս գործող օրենքով ամրագրված 200-ի փոխարեն: Ըստ Ա.Աշոտյանի, համահեղինակները, ամենայն հավանականությամբ, կորոշեն դիմել ԱԺ նախագահին` նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական