Բացառիկ վտանգավոր իրավիճակ է, երբ կառավարությունը չի կարողանում պահել կառավարման լծակները, ու չկա մեկը, որ կարող է դրանք վերցնել
26-12-2020 14:00:58 | Հայաստան | Հարցազրույցներ
lragir.am- ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը
Ընդդիմադիր ուժերը շարունակում են վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները, իշխանությունն այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Ձեր կարծիքով, այս իրավիճակը որքանո՞վ է փակուղային, դուք ինչպիսի ելքեր եք տեսնում, արդյոք իշխանությունը մտածում է այդ ելքերի մասին, թե ոչ:
Ստեղծված է մի իրավիճակ, երբ կառավարման լծակները չեն պատկանում կառավարող ուժին, ինքը չի տիրապետում այդ լծակներին, բայց որևէ մեկը չունի դա վերցնելու ռեսուրս: Սա բացառիկ ու շատ վտանգավոր իրավիճակ է, երբ գործող կառավարությունը չի կարողանում պահել կառավարման լծակները, ու չկա մեկը, որ կարող է դրանք վերցնել: Դրանից բխում է ամբողջ ճգնաժամը, որի մեջ ենք մենք հիմա: Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա կարծում եմ՝ մարդիկ պետք է ողջամիտ գտնվեն, նստեն, հասկանան, թե ինչպես կարող են դուրս գալ այս իրավիճակից: Դա շատ կարևոր է, ելնելով հենց այն գիտակցումից, որ մեկը չի կարողանում պահպանել լծակները, մյուսը չի կարողանում դրանք վերցնել: Այսինքն խոսելու լուրջ առիթ կա: Խոշոր հաշվով, ես կարծում եմ, որ փողոցում տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի ամենամեծ պրոբլեմը չի: Իր պրոբլեմը լեգիտիմությունն է, մարդիկ կարող են փողոց դուրս չգալ, բայց ինքը ունի լեգիտիմության պրոբլեմ: Այսինքն եթե ինքն ասի՝ սենց ենք անում, ժողովուրդ ջան, կարող է հանդիպակաց ազդակ գալ, որ այո, եկեք այդպես անենք: Իսկ եթե այդ ազդակը չգա, նշանակում է՝ դու կառավարելու ոչ մի ռեսուրս արդեն չունես: Սա 2018-ից առաջվա իրավիճակը չէ, որ բիզնեսը, մաֆիան, ամեն ինչ քո տակ է, ժողովուրդը չի ուզում, թող չուզի: Նիկոլ Փաշինյանն այդպիսի ռեսուրս չունի: Ու հիմա ինքը ինչքան էլ փորձի խոսել, համոզել, քաղաքականությունը պոկեր չի, լեգիտիմությունն էլ խաղաքարտերի ինչ-որ կոմբինացիա չի, որ բլեֆ անես, ասես՝ ունեմ, մարդիկ դրան հավատան ու դու այդպես պատահաբար հաղթես՝ չունենալով այդ խաղաքարտերը:
Ինչո՞ւ հրապարակում գտնվող քաղաքական միավորումը չի ցանկանում արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններ վարել: Ի վերջո, արտահերթ ընտրությունները միակ ելքը չե՞ն այս իրավիճակում:
Դա ելքերից մեկն է, արդյոք լավագո՞ւյնն է, չեմ կարող ասել, չգիտեմ: Դուք օրինակ տեսնո՞ւմ եք նորմալ ընտրություններ անելու հնարավորություն: Ասենք, ընտրություններ, որտեղ քարոզարշավ իրականացնող թեկնածուին չեն սպանի: Դա ռիսկային լուծում է: Այս պայմաններում լավ լուծում շատ դժվար է գտնել: Մենք կարծում ենք, որ լուծումներից ամենաքիչ պրոբլեմատիկը այն է, որ լինի չեզոք վարչապետ, կայունացման անցումային շրջան, որից հետո արտահերթ ընտրություններ, որոնց չպետք է մասնակցի ոչ չեզոք վարչապետը, ոչ իր քաղաքական թիմը:
Այլապես շանս կա, որ նորից իրենք կընտրվե՞ն:
Միայն դա չի, այսօր ոչ ոք չի կարող միայնակ գնալ ու կառավարման լծակները վերցնել: Երբ որ դու կառավարությունը դարձնում ես վերընտրվելու լծակ, ամեն մեկը կողքից նայում ու ասում է՝ բա ինչի՞ ինքը լինի ու ինքը վերընտրվի, հենա ես կլինեմ, ես կվերընտրվեմ: Չեզոք վարչապետի իմաստը դա է, որ բոլոր մյուսներն իմանան, որ դու լինես, վերընտրվելու հարց չկա:
Տեսակետ կա, որ քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նաև իշխանությունը, մրցում են, թե ով կարող է ավելի ռուսաստանահաճո լինել: Փաստորեն այս առումով կարծեք թե այլընտրանք չկա: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:
Խնդիրը ես տեսնում եմ գաղափարի դեֆիցիտի մեջ, մարդիկ չգիտեն ինչ անեն ու չեն կարողանում առաջարկել՝ ինչ անել, հետևաբար տարբեր միջոցների են դիմում: Ասենք՝ ինձ այսինչի օգնականն ընդունեց, ուրեմն ես կարող եմ, ինձ այնինչ տեղից SMS-ներ շատ են գրում, շատ են լայքում, ուրեմն ես կարող եմ: Այսպիսի միֆեր են մարդիկ իրենց համար հորինում ու դրա մեջ ապրում:
Ինչո՞ւ առաջացավ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Տեսակետ կա, որ վարչապետը մինչև վերջ անկեղծ չեղավ հասարակության հետ, ու հիմա էլ իրականում չի ասում, թե ինչի հետ գործ ունենք:
Նոյեմբերի 18-ին, թե 19-ին Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում խոսեց դրա մասին, որ մարդիկ պատրաստվում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որն իր մեջ նաև դելիմիտացիա ու դեմարկացիա է ենթադրում: Ու պետք է հանրությունն իմանա, թե դա ինչ փաստաթուղթ է, ինչ իրավունքներ ու պարտավորություններ է առաջացնելու: Չի կարելի այդպիսի բանը թաքուն անել, որովհետև ստացվում է, որ մեկը մի թղթի տակ ստորագրել է, հետո մի ամբողջ ժողովուրդ կրակն է ընկել:
Բնակա՞ն եք համարում, որ հասարակությունն այդպես էլ չի հավաքվում հրապարակում, նաև ուժայիններին ուղղված կոչերը, մեծ հաշվով, անարձագանք են մնում: Բացառություն էին պաշտոնաթող գեներալները, որոնք սերտ առնչություններ ունեն նախկին իշխանությունների հետ:
Նոյեմբերի 10-ից հետո մարդկանց մոտ շոկ էր և դա թույլ էր տալիս ասելու, որ դե դեռ պարզ չի, թե ինչ ենք անում: Երբ որ մեկ շաբաթ հետո այդպես էլ պարզ չեղավ, օրակարգ չբերվեց, ինձ համար ակնհայտ էր, որ մարդիկ չեն հավաքվելու: Սա «Մարիո» խաղը չի, որ կոճակը սեղմես, հասարակությունը դուրս վազի:
Այստեղ դեր ունի նաև նախկինների հանդեպ վերաբերմո՞ւնքը:
Դա հարցի փոքր կողմն է: Երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 30-ին իր քայլարշավն սկսում էր, ինքն էլ հասարակության աչքի լույսը չէր: Ավելին, դրանից երեք ամիս առաջ թանկացումների խնդրով, որ ամեն մեկին առնչվելու էր, այդ թեմայով ակցիա էր անում, բացի իր կուսակցության, իր դաշինքի ներկայացուցիչներից, ոչ մեկը չէր գալիս այդ ակցիաներին: Վստահությունը քիչ կապ ունի, կարևորը օրակարգն է: Մարդիկ ռացիոնալ հարց էին առաջադրում՝ ի՞նչ է հնարավոր անել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի հետ, չեղարկելո՞ւ եք: Ասում էին՝ դե մի բան կանենք, կտեսնենք, իսկ ավելի ուշ ասացին, որ չեն չեղարկելու: Մարդիկ էլ մտածում են՝ բա ի՞նչ է փոխվելու ձեր գալով, դուք ի՞նչ կարող եք անել: Այդ հարցերը հանգեցին մի կետի, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը վատն է, մենք կարող ենք ավելի լավը լինել: Երբ հարցը գալիս է լավ ու վատի հարթություն ու դու չես ասում, թե ավելի լավը որն է, ինչ է փոխվելու, հարցը տեղափոխում ես անձնական վստահության դաշտ: Հայտնի ճշմարտություն է, որ որոշակի վատ կայունությունը անորոշ ապագայից նախընտրելի է: Ապագայի մեջ որոշակիություն պետք է մտցնես, եթե ուզում ես մարդիկ ապագան նախընտրեն ներկայից: