Լրագրողական ՀԿ-ներն ԱԺ ղեկավարներին կոչ են անում ուշադրություն դարձնել պատգամավոր-լրագրող խնդիրներին

14-01-2021 18:45:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Լրագրողական 10 հասարակական կազմակերպություններ ՀՀ ԱԺ ղեկավարությանը հատարարությամբ կոչ են արել  հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ։ Հայտարարության առիթն է հունվարի 13-ին Ազգային ժողովում «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։  
 
«Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ
պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։
 
Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։
 
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․
 
ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ
մեխանիզմների ձևավորումը,
 
Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,
 
Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք»,- ասվում է հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար