«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մանրամասներ


«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մանրամասներ

  • 27-01-2021 17:18:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարության նիստում ներկայացվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կայացված որոշումը՝ փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու վերաբերյալ:
 
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով, 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:
 
Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
 
Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր՝ երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում, և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու ներբեռնած հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
 
Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին՝ թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
 
Ռուսաստանից Հայաստան ժամանած ուղևորին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ մեթոդով հետազոտության բացասական արդյունքի դեպքում (առավելագույնը 72 ժամվա վաղեմության տեղեկանքի առկայությամբ) թույլատրվում է պետական սահմանը հատել, հակառակ դեպքում կիրառվում են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշմամբ սահմանված՝ կարանտինային միջոցառումները:
 
Ներկայումս ծրագրում փորձարկման նպատակով ընդգրկված են վճարովի ծառայություն մատուցող 2 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ՊՇՌ լաբորատորիան: Ծրագրի գործարկման ընթացքում կարող է ավելանալ լաբորատորիաների ցանկն ըստ դիմելիության:
 
Ծրագրում ընդգրկված լաբորատորիաների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից: 
 
Նշենք, որ փորձաշրջանի համար նախատեսված է 1 ամիս:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play