Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Տիգրանակերտի հայտնագործումը համարում է Արցախի ազատագրական պայքարի և հաղթանակի անմիջական արդյունքը
01-02-2021 18:42:25 | Հայաստան | Մշակույթ
Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Տիգրանակերտի հայտնագործումը համարում է Արցախի ազատագրական պայքարի և հաղթանակի անմիջական արդյունքը:
Այս և Տիգրանակերտի հայկական լինելու անհերքելի փաստերին է անդրադարձել ռեժիսոր, սցենարիտ Սամվել Թադևոսյանն իր` «Իմ Արցախ» ֆիլմաշարում:
Ներկայացնում ենք այդ շարքից Տիգրանակերտին նվիրված ֆիլմը:
«Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով»:
Համլետ Պետրոսյանը պատասխանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե իբր Տիգրանակերտի պեղումների նյութերը ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն են:
Համլետ Պետրոսյանը գրում է.
«Իմ պատասխանը Բաքվի հերթական զրպարտությանը:
Ադրբեջանական մեդիա տիրույթում իմ ՖԲ էջից նկարներ են դնում, որտեղ պատկերված են ի թիվս այլոց նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նյութերի փաթեթավորումը: Տիգրանակերտի պեղումների նյութերը ադրբեջանցիները ներկայացնում են որպես «անօրեն պեղումների արդյունք» և այդ իրերի տարհանումը ռազմական գործողությունների գոտուց որակում որպես «ադրբեջանի մշակութային ժառանգության գողություն»:
Ուզում եմ հիշեցնել ագրեսիվ պետության կիսագրագետ քարոզիչներին, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է Արցախի իշխանությունների պաշտոնական հրավերով ու թույլատրությամբ, որ դրանք ֆիանսավորվել են Արցախի պետական բյուջեից:
Տիգրանակերտի հնագիտական թանգարանն էլ ստեղծվել և գործել է Արցախի օրինական իշխանությունների որոշմամբ և ֆինանսավորումով: Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է լիարժեք իրավական հիմքով, բարձր պրոֆեսիոնալիզմով, հետազոտության արդյունքները պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտական հանրույթին: Խոսել գաղտնի ինչ-որ ընթացքի մասին` ուղղակի ծիծաղելի է:
Նշեմ, նաև, որ ադրբեջանցի հնագետները, որոնք անցած դարի 60-80-ական թվականների աշխատել են այդ տարածքում, ոչ էլ տեսել են հին քաղաքի հնագիտական հետքերը: Հորդորում եմ նրանց այդքան խանդոտ չվերաբերվել նրան, ինչն իրենք ի վիճակի չեն եղել հայտնաբերել:
44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչ մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը:
Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: Խաղաղ պայմանների դեպքում դրանք վերադարձվելու են Ստեփանակերտ և ցուցադրվելու են դրա համար ստեղծվելիք թանգարանում:
Արցախի քաղքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով:
Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով:
Ես և իմ գործընկերնեը հետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացահայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, միջազգային ատյաններին ուղղված հոխորտանքը իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից»: