Այդ լեզվով հաղորդակցվելու դեպքում ռուսական խաղաղապահները կորցրեցին հրամանատարի 2 տեղակալի և 30-ից ավելի զոհ տվեցին Արցախում


Այդ լեզվով հաղորդակցվելու դեպքում ռուսական խաղաղապահները կորցրեցին հրամանատարի 2 տեղակալի և 30-ից ավելի զոհ տվեցին Արցախում

  • 19-02-2021 12:55:56   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը
 
Արցախում օրենսդրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով ուզում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ: Ձեր կարծիքով ուզում են ռուսական կոմին հաճոյանա՞լ, թե՞ ռուսական կողմից կա ճնշում:
 
Քանի որ մենք վստահելի տեղեկություններ չենք կարողանում ստանալ պատճառների մասին, դրանք կարող են լինել երկուսը. Մեկը դա Ռուսաստանի նախաձեռնությունն է, որն ուզում է անեքսիայի ենթարկել Արցախը: Հայտնի է, որ դեռևս 2014-ին Ռուսաստանում լուրջ արշավ սկսվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անեքսիայի վերաբերյալ, որովհետև Աբխազիայի և Հարավային Օսիայի խորհրդարանները հայտարարեցին, որ 2015 թվականին մտադիր են անցկացնել հանրաքվե՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցումով: Բայց Ղրիմի անեքսիայի հետևանքով առաջացած միջազգային բարդությունները Ռուսաստանին ստիպեցին ժամանակավորապես այդ հարցը հետաձգել: Այսինքն Աբխազիայի և  Հարավային Օսիայի խորհրդարանները նորից հատուկ նիստ հրավիրեցին և որոշեցին որոշ ժամանակով հետաձգել այդ անշլյուսը: Այսինքն ՌԴ քաղաքացի համարվող աբխազների և օսերի նախաձեռնությունը հետաձգվեց: Ես կարծում եմ, որ Արցախում դա նախաձեռնել է Ռուսաստանը, ուրեմն Մոսկվան կնշի նաև Աբխազիայի և Օսիայի միացման ծրագիրը: Իսկ եթե սա Արցախի որոշ շրջանակների կողմից ռուսներին հաճոյանալուն ուղղված նախաձեռնություն է, դա այլ խնդիր է: Դա նաև սադրանք է, որովհետև նրանք խոցված, թուլացած, սանկցիաների տակ կքած Ռուսաստանի շովինիստական զանգվածին դրդում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, այո ասել, կամ ոչ: Երկուսն էլ վատ են: Եթե ասում են՝ այո, սանկցիաները հենց դրա համար են՝ միջամտել միաժամանակ և Հայաստանի, և Արցախի, և Ադրբեջանի ներքին գործերին: Սա եռակի հարված է: Ես կարծում եմ,, որ Աստված խելքներն առել է: Այդպիսի նախաձեռնությունը սխալ է, վատ է և վտանգավոր:
 
Ստացվում է, որ Արցախի որոշ պատգամավորներ ուզում են, որ Արցախը Ռուսաստանի գավա՞ռ դառնա: Այս ամենը դրա՞ն է տանում, որովհետև իրենք հիմնավորում են, որ ռուս խաղաղապահների հետ գրագրության համար անհրաժեշտ է ռուսերենը:
 
Արցախում թարգմանիչներ շատ կան և տեխնիկական շատ ձևեր կան ռուս խաղաղապահների հետ հաղորդակցվելու համար: Նախևառաջ, այդ հաղորդակցությունը պետք է լինի նվազագույնը, նրանց մանդատը ենթադրում է հեռու մնալ և Հայաստանից, և Ադրբեջանից, և քաղաքացիներից, և ադմինիստրացիայից: Ամեն մի հանդիպում, շփում կոնֆլիկտի հետևանք պետք է լինի: Կոնֆլիկտները նրանք պետք է հասցնեն նվազագույնի և իրենց շփումները նույնպես հասցնեն նվազագույնի: Այդ պատճառաբանությունը խիստ գավառական և ծայրագավառական մոտեցում է: Չկա այդպիսի անհրաժեշտություն: Թող արցախցիները փորձեն հիշել մեկ այլ ռուսական խաղաղապահի՝ հատուկ ներքին զորքերի ստորաբաժանման վարքագիծը, նրանք էլ գերազանց տիրապետում էին ЯМО-ին՝ Язык межнационального общения: Այդ լեզվով հաղորդակցվելու դեպքում ռուսական խաղաղապահները կորցրեցին հրամանատարի 2 տեղակալի և 30-ից ավելի զոհ տվեցին Արցախում: Դա հայտնի պատմություն է: Այդ հատուկ ստորաբաժանումն ապահովում էր խաղաղությունը երկու էթնոսների մեջ: Այդ ստորաբաժանման ղեկավարը գեներալ Կուլիկովն էր, ով պատգամավոր էր, հետո դարձավ ներքին գործերի նախարար: Նա իր հուշերում, իր բոլոր հարցազրույցներում ցավով է հիշում ռուսական խաղաղապահ ուժերի այդ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ: Այսինքն պետք է արցախցիները դա հիշեն: Խոսքը «Կոլցո» օպերացիայի մասին չէ: Ղարաբաղում զորքեր կային:
 
Այսինքն դա անկախության վերջնական կորստի՞ կհանգեցնի:
 
Այսինք Ռուսաստանն ի վիճակի չէ այդ գործն անել: 4-րդ բանակը, 7-րդ բանակը չկարողացան Ադրբեջանն ու Հայաստանը պահել իմպերիայի կազմում: 2000 դեսանտայինները չափազանց ծանր բեռ են վերցնում իրենց վրա, դա անհնար է, անմիտ է այդպիսի ծրագիրը: Ուզում եք լեզուն փոխեք, ուզում եք բոլոր արցախցիները բալալայկա նվագեն, միևնույն է, Ռուսաստանը չի կարող Արցախը անեքսիայի ենթարկել, խլել Հայաստանից, կամ կամ առավել եւս Ադրբեջանից: Նա չի կարող դա անել: Այս արարքն արկածախնդրություն է, ընդհանրապես պատերազմ թույլ տալը, թուրքական ուժերին աջակցելը հայկական բանակի պարտությունն ապահովելու գործում: Դա ծանր հանցագործություն էր հենց ռուսական պետության համար: Ռուսաստանի իշխանությունները դեռ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որ թույլ տվեցին, որ թուրքական բանակը Արաքս գետն անցնի: Այդպիսի բան երբեք չի եղել գոնե 250 տարվա պատմության մեջ: ՌԴ այս իշխանությունը պատասխան է տալու ռուսական պետության դատարանի առջև: Այնպես որ, դա սիզիփոսյան, անմիտ աշխատանք է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ