Զինված ուժերի ԳՇ պետին ազատել աշխատանքից: Սևով սպիտակի վրա գրված է, ինչի՞ շուրջ է այս աղմուկը


Զինված ուժերի ԳՇ պետին ազատել աշխատանքից: Սևով սպիտակի վրա գրված է, ինչի՞ շուրջ է այս աղմուկը

  • 03-03-2021 11:20:52   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը
 
Ընդդիմադիրները հայտարարել են, որ Արմեն Սարգսյանը մինչև հինգշաբթի ժամանակ ունի Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության հարցով դիմելու ՍԴ: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, իրավական առումով դեռ կա՞ ժամանակ, թե ոչ:
 
Նախագահը հայտարարել է, որ այդ հարցով չի գնում Սահմանադրական դատարան, հետևաբար, 139-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կերպով, եթե ՀՀ նախագահը չի դիմում այդ հարցով ՍԴ և չի էլ ստորագրում միջնորդող կողմի ներկայացրած միջնորդագիրը, դա նշանակում է, որ այդ միջնորդագրի բովանդակությունը իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ: Իսկ միջնորդագրի բովանդակությունը հետևյալն է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատել աշխատանքից: Սևով սպիտակի վրա գրված է, ես չեմ հասկանում, թե ինչի շուրջ է աղմուկը: Ես կարող եմ դրա քաղաքական ենթատեքստը հասկանալ, որ ինչ-որ անհատներ, ինչ-որ ուժեր որոշակի ակնկալիքներ ունեն Գլխավոր շտաբից, որ այդ երկու օրը պահպանելով իրենց լիազորությունը՝ կարողանան ինչ-ինչ քայլեր իրականացնել: Բայց եթե նախագահը հստակ հայտարարում է, որ չի դիմելու այդ հարցով ՍԴ, նշանակում է, որ ինքը վարչապետի միջնորդության բովանդակության Սահմանադրությանը համապատասխանելու հարցով չի դիմում ՍԴ: Դա չի նշանակում, որ նախագահն իրացնում է ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ կետով իրեն ընձեռնված հայեցողական լիազորությունը: Այսինքն ոչ ստորագրում է ներկայացված միջնորդությունը, այսինքն իր հրամանագրով չի ազատում ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, և այդ հարցով չի դիմում ՍԴ: Սա նշանակում է, որ չդիմելու պահից սկսած, իրավունքի ուժով 139-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով միջնորդագրի բովանդակությունը մտնում է ուժի մեջ:
 
Ըստ էության, այստեղ իրավական առումով մանևրելու հնարավորություն չկա՞  մինչև հինգշաբթի:
 
Ես կարծում եմ, որ չկա:
 
Ինչպե՞ս եք գնահատում նախագահի այս քայլը, որովհետև տեսակետ կա, որ սա ճգնաժամն ավելի խորացրեց:
 
Ես առիթ ունեցել եմ այդ մասով անդրադառնալու: Չի կարելի սահմանադրական տարբեր մարմինների, տվյալ դեպքում թե վարչապետի, թե Հանրապետության նախագահի գործողությունների միջև գտնել ինչ-որ քաղաքական ճգնաժամը խորացնելուն ուղղված քայլ: Տվյալ դեպքում վարչապետն իրացնելով իր սահմանադրական լիազորությունը, միջնորդագիր է ներկայացրել մեկ այլ սահմանադրական մարմնի՝ Հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահն էլ իրացրել է ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռնված հայեցողական լիազորությունը: Նախագահի լիազորությունն է իր առարկություններով հետ վերադարձնել, չստորագրել: Մարդուն մեղադրել իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու մեջ, կարծում եմ՝ ոչ միայն տեղին չէ, այլև անհիմն է: Հետևաբար, այստեղ ես որևէ ենթատեքստ չեմ փնտրում, չեմ էլ փորձում նկատել: Ճիշտ հակառակը, երկու սահմանադրական մարմիններ իրացրել են իրենց սահմանադրական լիազորությունները: Ճիշտ հակառակը, մենք պետք է կարողանանք նորմալ վերաբերվել, երբ սահմանադրական մարմիններն աշխատում են բնականոն: Այլ հարց է, որ նման սահմանադրաիրավական կարգավորումը բնորո՞շ է կամ դրականորե՞ն է ազդում մեր հանրային կյանքի և քաղաքական կյանքի վրա:  Ես բազմիցս ասել եմ, որ այս Սահմանադրությունը պատուհաս դարձավ մեր պետական կառավարման համակարգի, պետության, նրա ճակատագրի, անվտանգության համար: Սա ևս մեկ ապացույց է, որ այս Սահմանադրությունը պետք է օր առաջ փոփոխվի: Պատկերացնում եք, մի ամբողջ 10 օր երկրի ղեկավարությունը քննարկում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ազատել-չազատելու հարցը: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում, կիսապատերազմական, ռազմական դրության պայմաններում գտնվող երկրում նման խժդժություններ, նման քաղաքական շահարկումներ չպետք է լինեն: Այլ հարց է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է այս հարցում, թե ճիշտ չէ, բայց մեր պես երկրներում պետության ղեկավարի վճռորոշ դերակատարությունը շատ կարևոր է, որովհետև ինքն է պատասխանատու երկրի այս ամբողջ գործընթացի համար: Հետևաբար, այս գործընթացները ես համարում եմ մեր հասարակությանն ավելորդ լարվածության մեջ պահելու մտայնություն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ