Ազատ ոճային հայ ըմբիշները Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում նվաճել են 8 մեդալ
09-03-2021 19:40:16 | Հայաստան | Սպորտ
Մարտի 5-8-ը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ուկրաինայում մասնակցել է միջազգային մրցաշարի և նվաճել ընդհանուր՝ 8 մեդալ, որից 3-ական ոսկե և բրոնզե, ինչպես նաև 2 արծաթե մեդալ:
Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի հաղթողներ են դարձել 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Արթուր Սարդարյանը (65 կգ): Բրոնզե մեդալներով հայրենիք են վերադարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 79 կգ քաշային Կնյազ Իբոյանը:
Մրցաշարին մասնակցում էր 160 ըմբիշ՝ Ուկրաինայից, Մոլդովայից, Սլովակիայից, Լիտվայից և Հայաստանից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում նշել է, որ գոհ է տղաների ելույթներից:
«Ընդհանուր առմամբ գոհ եմ: Բոլորը 4-5 գոտեմարտ անցկացրին. յուրաքանչյուր քաշային կարգում 30-35 մասնակից կար, բացառությամբ` գերծանր քաշային կարգի, որտեղ 8-ն էին: Տղաները թե՛ հաղթած, թե՛ պարտված գոտեմարտերից շատ բան ունեն սովորելու: Սա մեր հավաքականի կորիզն է: Ճիշտ է, կան տղաներ, որոնք անձնագրի և երկրից դուրս գալու հետ այս պահին խնդիր ունեին, բայց Հայաստանի առաջնությունում հաղթելուց ու լավ մասնակցությունից հետո, հուսով եմ, այդ հարցն էլ կլուծվի: Այս մրցաշարը նաև լավ նախապատրաստական փուլ է ապրիլի 26-28-ը կայանալիք Հայաստանի երիտասարդական առաջնությունից առաջ»,- ասել է մասնագետը: