Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա
22-03-2021 12:10:19 | Շվեյցարիա | Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվի 27 ֆուտբոլիստ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո:
Մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և վարչական կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ:
Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո:
ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է:
Այսպիսով, Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կլինի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: