Մեկն ուզում է շարունակել պատերազմը, մյուսը՝ ռեւանշի գնալ․ սա տարածաշրջանը կրկին կկանգնեցնի պատերազմի շեմին․ Մարիա Զախարովա


Մեկն ուզում է շարունակել պատերազմը, մյուսը՝ ռեւանշի գնալ․ սա տարածաշրջանը կրկին կկանգնեցնի պատերազմի շեմին․ Մարիա Զախարովա

  • 22-04-2021 20:26:00   | Ռուսաստան  |  Քաղաքական

 «Շատերն են ուզում՝ մեկը շարունակի պատերազմը, մյուսը՝ ռեւանշի գնալ․ սակայն ա՞յդ է նպատակը,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը «Զանգեզուրի միջանցքի» հարցն ուժով լուծելու մասին: «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ռեւանշիստական եւ ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է հերթական անգամ տարածաշրջանը կանգնեցնել պատերազմի շեմին․․․ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է շարժվեն եռակողմ հայտարարության ներքո»։ Նա նշեց, որ իրենց խնդիրն է Հարավային Կովկասի պետությունների համար վստահության եւ առեւտրա-տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Սա երկու երկրների շահերին էլ համահունչ է»,- նշել է Մ․Զախարովան։ 
 
«Մենք ելնում ենք այն բանից, որ Բաքվի եւ Երեւանի հայտարարությունները եւ գործնական քայլերը պետք է համահունչ լինեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերին եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին»,- ասել է նա։
 
Ինչ վերաբերում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում, ապա դա նույնպես, Զախարովայի խոսքերով՝ տեղավորվում է իր նշածի տրամաբանության մեջ:
 
Ի պատասխան Բաքվում «ավարի այգու» բացման հարցին, Մ․Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Բաքուն եւ Երեւանը կձգտեն հասնել հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե տարաձայնությունների ստեղծման: 
 
«Նման գին է վճարվել…Ահռելի գին, մարդկանց կյանքեր…Պետք է օգտվել խաղաղ պահից, այլ ոչ թե այս պահն օգտագործել իրավիճակը սրելու համար։ Այո, դա դժվար է՝ հատկապես զինված հակամարտությունից հետո։ Շատ դժվար է այն հաղթահարել։ Այս պահին կարեւորում ենք երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձեւավորումը, որն ունակ է ապահովելու հեռանկարները Անդրկովկասի կայուն զարգացման համար»,- նշել է Զախարովան:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական