Ինչպես են աշակերտները որոշել նշել «Վերջին զանգը». «ՀԺ»


Ինչպես են աշակերտները որոշել նշել «Վերջին զանգը». «ՀԺ»

  • 23-04-2021 11:52:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ամեն տարի՝ դեռ ապրիլից սկսած, դպրոցն ավարտող աշակերտները նախապատրաստվում են ավանդական տոնին՝ «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառմանը:
 
Անցյալ տարի այդ միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով: Եվ եթե անցած տարվա միջոցառումների անցկացմանը խանգարեց միայն համավարակը, ապա այս տարի համավարակին ավելացան նաեւ պատերազմի ցավն ու դառը հիշողությունները: Բացի դրանից՝ վարակի տարածման վտանգ կա, իսկ Կրթության նախարարությունն էլ դեռեւս ոչ մի հստակ հրահանգ չի տվել՝ կլինե՞ն վերջին զանգի միջոցառումներ, թե՞ ոչ:
 
ԿԳՄՍ նախարարության լրատվականից, ի պատասխան մեր հարցմանը, նկատեցին, որ անցյալ տարի սահմանափակումները առողջապահության նախարարության կողմից են եղել: Ոչ թե եղել է առանձին որոշում՝ դպրոցների հետ կապված, այլ եղել է ընդհանուր սահմանափակում հանրային բոլոր տեսակի միջոցառումների վերաբերյալ: Իսկ թե այս տարի ինչ է սպասվում, մինչեւ հունիս ամիսը համաճարակային իրավիճակը ինչպես կզարգանա, կամ ի՞նչ սահմանափակումներ կլինեն, չեն կարող ասել:
 
Երեւանի «Մուշեղ Իշխանի» անվան N5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Նելլի Բրուտյանը մեզ հետ զրույցում նշեց՝ քանի դեռ համապատասխան գերատեսչությունների կողմից դեռ չկա կոնկրետ հրահանգ «Վերջին դասի» կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ, իրենց դպրոցում դեռ ոչինչ չեն նախաձեռնում: 
 
«Հենց կունենանք հստակ հրահանգ, նոր կորոշենք, թե ինչ ձեւով կկազմակերպենք այդ բոլորը: Մի բան միայն հստակ է. ինչ էլ անենք, ոնց էլ փորձենք անել, էլ առաջվա նման չի լինի ոչինչ: Տրամադրություն էլ չկա, ոչ էլ՝ առանձնապես մեծ շուքով նշելու ցանկություն: Իհարկե, երեխաները ցանկանում են գոնե ինչ-որ ձեւով նշել այդ օրը. իրենք լիահույս են ու հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց փոխտնօրենը:
 
Նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Լեւոնը, որ Արցախից է Հայաստան տեղափոխվել, հուզված փոքր-ինչ խոսեց պատերազմի մասին, ապա նշեց, որ ինքն ու ընկերները ցանկանում են «Վերջին զանգն» անպայման նշել, քանի որ նաեւ ապրելով պետք է արժանի լինենք մեր հերոսներին եւ պահենք նրանց վառ հիշատակը:
 
«Չնայած վերջին իրադարձություններին՝ կյանքը շարունակվում է, եւ եթե միշտ հետ վերադառնանք անցյալին, ապա պարզապես կկորցնենք ապագան, իսկ այդ ապագան հենց մեր սերնդի ձեռքում է: Դեռ ամբողջապես չենք պլանավորել, թե ինչ պետք է անենք, սցենար էլ չենք գրել, բայց խոսքերը կլինեն հրաժեշտի ու շնորհակալության՝ հասցեագրված ե՛ւ մեր զոհված տղաներին, ե՛ւ մեր ծնողներին, ե՛ւ ուսուցիչներին»,- ասաց Լեւոնը, որն այս տարի հիմնական դպրոցն է ավարտելու:
 
Երեւանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներից մեկն էլ նշեց, որ դասարանի աղջիկներով թռուցիկ պլանավորել են որոշ կազմակերպչական հարցեր, սակայն դեռ չգիտեն՝ ինչ ձեւով պիտի անցկացնեն այդ օրը: Նրա խոսքով՝ կյանքը շարունակվում է, իսկ օրը պետք է անպայման տոնել:
 
«Ցավը՝ ցավ, ճիշտ է, շատ թարմ է ու խոր, բայց կյանքը շարունակվում է: Ուժ է պետք գտնել ու ոտքի կանգնել: Թե չէ թշնամուն էլ հենց էս է պետք է. տեսնի մեզ տխուր ու հուսահատված: Այնպես որ ես կարծում եմ, որ «Վերջին զանգ»-ն էլ պիտի անենք, բուհ ընդունվելու տոնն էլ, հարսանիքներ էլ»,- արձանագրեց նա:
 
Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի 12-րդ տնտեսագիտական հոսքի աշակերտները նշեցին, որ հիմա պարապմունքների վրա են առավել կենտրոնացել, տրամադրություն չունեն «Վերջին զանգ» նշելու, սակայն այդ օրն անպայման ցանկանում են Եռաբլուր այցելել. առանց հարգանքի անհնար է:
 
Գեւորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը նշեց, որ oրերս աշակերտների հետ քննարկել են եւ եկել ընդհանուր որոշման, որ վերջին դասի օրը դպրոցի 6 նահատակների հիշատակին նվիրված ծառատունկ կկազմակերպեն դպրոցի բակում, եղեւնիներ կտնկեն, դպրոցի միջանցքում երեխաների համար թեթեւակի միջոցառում կանցկացնեն, այնուհետեւ կգնան Եռաբլուր, Էջմիածնի եկեղեցի՝ օրհնություն ստանալու:
 
Նույն դպրոցի ավարտական դասարանում սովորող աշակերտներին հանդիպելով՝ փորձեցինք իմանալ նրանց տրամադրվածությունը եւ անելիքները: Աշակերտներից Լիլիթը նշեց, որ պատերազմի ցավն այնքան խորն է, որ դեռ ուշքի չեն գալիս եւ ուրախ միջոցառումների մասին մտածելու ցանկություն չունեն:
 
«Ես կարծում եմ, որ ավելի լավ է՝ այդ օրը ինչ-որ ավելի կարեւոր եւ օգտակար գործ անենք, քան թե խնջույք կազմակերպենք: Այդ օրը պարզապես մենք սիմվոլիկ դաս կանենք»,- ասաց նա:
 
«Ինչքան որ խորն է ցավը, այնքան էլ պարտավորեցնող պիտի լինի ապրելու համար պայքարը,- հավելեց Գայանեն:- Պայքարելու համար միայն զոհվածների հիշատակը հարգելը քիչ է, պետք է ապացուցենք, որ մեր գոյությամբ եւ ապրելու տրամադրվածությամբ ենք հիշում մեր տղաների հերոսությունը»,- ասաց նա: 
 
«Ես կարծում եմ, որ վերջին դասին մենք, բացի ուսուցիչներին շնորհակալություն հայտնելուց, պիտի խոսք տանք, որ չենք մոռանա ոչ մի հերոսի եւ վաղվա ապագան էլ կկառուցենք՝ նրանց կիսատ թողած գործը շարունակելով»,- ասաց դպրոցի մեկ այլ աշակերտ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play