2009թ.-ին կստեղծվի մասնագիտական համահայկական ցանց<br />


2009թ.-ին կստեղծվի մասնագիտական համահայկական ցանց

  • 26-12-2008 20:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփյուռքի նախարարությունը 2009թ.-ի ծրագրերից առավել կարեւորում է համահայկական համաժողովների անցկացումը: Այս մասին դեկտեմբերի 26-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ գալիք տարվա ապրիլին նախատեսվում է անցկացնել հայ ճարտարապետների, սեպտեմբերին` հայ իրավաբանների, այնուհետեւ` Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած սփյուռքահայերի համաժողովներ: Բացի այդ, ըստ Հ.Հակոբյանի, անհրաժեշտ է կազմակերպել միջոցառումներ` նվիրված Հայաստանի ազգային հերոսներ Շառլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին եւ Ալեք Մանուկյանին` նրանց թե' երկրում, թե' Սփյուռքում «պատշաճ կերպով ներկայացնելու համար»: 2009թ.-ին իրականացվելիք կարեւորագույն ծրագիրը, ըստ Հ.Հակոբյանի, լինելու է Սփյուռք-Հայաստան համագործակցության շրջանակներում մասնագիտական համահայկական ցանցի ստեղծումը: Այդ ցանցի շնորհիվ, նրա համոզմամբ, հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել ազգի մտավոր ներուժը: Նախարարը հայտնեց, որ գործունեության երեք ամիսների ընթացքում նախարարությունը մշակել եւ տարբեր գերատեսչությունների ու հայաստանյան եւ սփյուռքի կազմակերպությունների դատին է ներկայացրել «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման» հայեցակարգի նախագիծը: Դրա վերաբերյալ, Հ.Հակոբյանի խոսքերով, աշխարհի տարբեր անկյուններից ստացվել են դրական արձագանքներ: Նախագիծը 2009թ.-ի փետրվարին կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Հ.Հակոբյանը հայտնեց նաեւ, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների, մասնավորապես Հունաստանի, Սերբիայի, Հնդկաստանի, Իսրայելի, սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման փորձը: Օրինակ, Հունաստանի փորձը, ինչպես ընդգծեց նախարարը, Հայաստանին անհրաժեշտ կլինի սփյուռքահայության վերաբերյալ օրենքներ ընդունելիս: Կատարված աշխատանքներից Հ.Հակոբյանը մատնանշեց նաեւ Սփյուռքում եւ Հայաստանում «Հայերն առանց ծխախոտի» շարժումը սկսելը, համահայկական օլիմպիական խաղերի նախապատրաստումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն