ԵՊԲՀ ուսանող Արտուշ Աթոյանը «Սպիտակ բանակի» կամավոր զինվորներից է․ մի ձեռքով կռվել, մյուսով փորձել է բուժել վիրավորներին


ԵՊԲՀ ուսանող Արտուշ Աթոյանը «Սպիտակ բանակի» կամավոր զինվորներից է․ մի ձեռքով կռվել, մյուսով փորձել է բուժել վիրավորներին

  • 14-05-2021 22:00:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի պետական Բժշկական համալսարանի պԱրտուշ Աթոյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին լրատվության միջոցներից տեղեկանալուց  անմիջապես հետո դիմել է տարածքային զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ մեկնելու համար, կարդում ենք Երևանի պետական Բժշկական համալսարանի կայքում:
 
Սեպտեմբերի 28-ին արդեն Արտուշ Աթոյանը ուղևորվել է Արցախ՝ Ակնա (Աղդամ), հոկտեմբերի 2-ից՝ Մատաղիս։ Ծնունդով ախուրյանցի ապագա բժիշկը համեստորեն է ներկայացնում պատերազմին իր մասնակցությունը։ Գնդացրորդ Աթոյանը պատմում է, որ Ակնայում գտնելու օրերին զինծառայողներից մեկն առողջական խնդիրներ ուներ, ցուրտ, խոնավ պայմանների պատճառով երիկամային սուր ցավեր ուներ։ Սանհրահանգիչի մոտ դեղերի փոքր չափաբաժին էր մնացել։  Արտուշ Աթոյանը, որպես ապագա բժիշկ, փորձում  է օգնել զինակցին։ Դիմում է ամերիկահայ ընկերներից մեկին, որն էլ անմիջապես, որպես օգնություն, դեղեր է ուղարկում Արցախ։
 
«Սեպտեմբերի 31-ի երեկոյան  զանգահարեցի, հաջորդ առավոտյան դեղերն արդեն Ակնայում էին։ Բայց դրանք մեզ հասցնել չէր ստացվում, քանի որ հակառակորդն ակտիվ հրետակոծություն էր սկսել այդ տարածքում, ճանապարհի ուղղությամբ։ Կարճ ժամանակ չէր անցել, թշնամին թիրախավորեց մեզ, և մեզ տեղափոխելու անհրաժեշտություն առաջացավ։ Մենք տեղավորվել էինք ուրալների մեջ և  շարժվում էինք, երբ թշնամին գործի դրեց օդուժը։ Բարեբախտաբար,  մեր հակաօդային պաշտպանությանը հաջողվեց չեզոքացնել հակառակորդի ուղղաթիռները։ Գնացինք Ստեփանակերտ, այնտեղ կանգ առանք։ Անընդհատ մտածում էի, որ նեղություն եմ պատճառել մարդկանց, նրանք ուղարկել են օգնություն, իսկ դեղերը ճանապարհին կորել են։ Գնդի հրամանատարը հետո հարցնում է ՝ ով է դեղեր ուզել, պատասխանում եմ, որ ես, քանի որ ապագա բժիշկ եմ, ուսանող եմ։ Մեզ մոտ եղած դեղերով ցավազրկեցի ընկերոջս, արդեն բավարար էր նրա վիճակը, այնպես որ շարունակեց մարտական ծառայությունը»,-պատմում է Արտուշը։ Կռվի մարտիկներով այնուհետև գիշերում են Մարտակերտի անտառներում, մի կերպ խույս տալիս թշնամու հրթիռակոծությունից, գիշերը հասնում Մատաղիս։ Տղաներին դիմավորում է դիվիզիայի հրամանատար, գնդապետ Շաքարյանը։ Ապագա բժիշկը պատմում է, որ մինչև կհասնեին,  Մատաղիսն արդեն նահանջել էր. «Գյուղի մոտ՝ բլրին, գիշերում ենք, փոսեր ենք փորում, մնում այնտեղ»։
 
Արտուշն ասում է՝ իրենց ուղղությամբ ևս շատ են եղել հակառակորդի հարձակումները։ Նա մի ձեռքով պայքարում, մյուսով փորձում էր օգնել վիրավոր զինծառայողներին։ Ավելի քան  մեկ տասնյակ վիրավորի է հասցրել բուժօգնություն ցուցաբերել։ «Ամենատպավորիչը վանաձորցի Սարգսի դեպքն էր, որ մեծ հետք է թողել իմ կյանքում։ Ուներ չորս որդի, մի օր տասնհինգամյա տղայի հետ էր հեռախոսով խոսում՝ ասելով դու ես տան տղամարդը, մայրիկին կլսես, չարություն չանես։ Խրատներ էր տալիս՝ կարծես թե համոզված լինելով, որ պատերազմից չի վերադառնա։ Մատաղիսում ծանր բեկորային վնասվածք էր ստացել Սարգիսը, նրա աղոթքը դեռ ականջումս է, զոհվեց ձեռքերիս մեջ»։ Ապագա բժիշկը հիշում  է բոլոր զինակիցներին։
 
Արտուշ Աթոյանը խոստովանում է, որ կամավորագրվել է՝ գիտակցելով պատերազմի հնարավոր բոլոր վտանգները, կռիվ է գնացել՝ առանց տեղյակ պահելու ընտանիքին.
 
«Մինչև վերադարձս, մերոնք չգիտեին, որ ես Մատաղիսում եմ եղել։ Ասել եմ գնում եմ հոսպիտալներ՝ օգնելու վիրավորներին։ Զինկոմիսարիատի մոտ լրատվական միջոցներից մեկի ներկայացուցչին հավաստիացրել էի, որ ճակատ եմ մեկնում՝ մասնագիտական պարտքս կատարելու։ Չէի ցանկանում, որ ընտանիքս անհանգստանա ինձ համար, բայց նաև գիտակցում էի, որ Արցախը մեր օգնության կարիքն ունի»։
 
Պատերազմը փոխել է նաև իր կյանքը։
 
«Սկսել եմ ավելի արժևորել բժշկի մասնագիտությունը, այս վերջին տարում, երբ աընդհատ ճգնաժամի մեջ ենք՝ համավարակ, պատերազմ։ Որպես մարդ՝ հպարտություն կա մեջս, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ հայ ժողովրդի համար դժվար այդ ժամանակահատվածում»,-նշում է ապագա բժիշկը։
 
Նրա խոսքով, հայրենիքն օգնության կարիք ունենա, թե չունենա, պարտավոր ենք ծառայել, հատկապես օրհասական պահերին աջակցելով հայրենիքին։ Արտուշ Աթոյանը ժամկետային զինծառայությունն անցկացրել է Մարտակերտում։
 
Եղբայրն Ապրիլյան քառօրյայի մասնակից է, ինքը ծառայության է մեկնել 2016-ի ամռանը։ «Առաջին մարտական դիրքը, որ պահել եմ, եղել է հերոսների՝ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի դիրքը»։
 
Ապագա բժիշկը որոշել է զբաղվել հանրային առողջության կառավարմամբ, քանի որ վստահ է՝ հասարակության առողջության ապահովման գրավականներից մեկը ճիշտ կառավարումն է։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play