Ռուսները հասկանում են, որ չեն կարողանում պահել Հարավային Կովկասը` ներառյալ Հայաստանը, և հանձնում են թուրքերին. Արա Պապյան


Ռուսները հասկանում են, որ չեն կարողանում պահել Հարավային Կովկասը` ներառյալ Հայաստանը, և հանձնում են թուրքերին. Արա Պապյան

  • 25-05-2021 17:36:39   | Հայաստան  |  Քաղաքական



Ներկա փուլում ԱՄՆ-ի քաղաքականությունը միանշանակ հայանպաստ է, և ԱՄՆ ամենաբարձր պաշտոնյայի հստակ որոշումն է, որ Արցախի հարցը պետք է ունենա համապարփակ քաղաքական վերջնակետ, այսինքն խնդիրը լուծված չէ: Սրանից ավելի բարձր հայտարարություն դրա մասին հնարավոր չէր ակնկալել: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ, Ազգային Ժողովրդավարական Բեւեռի անդամ Արա Պապյանը:
 
«Ինչ վերաբերում է 907-րդ բանաձևին, շատերը մոռացել են, որ այդ բանաձևն ընդունվել է ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման և կոչվում է  Ազատության աջակցման ակտ: Մեր վարչապետը օրումեջ խոսում է ապաշրջափակման ու ճանապարհները բացելու մասին, խիստ տարօրինակ կլիներ դրանից հետո, երբ մեր պետության քաղաքականությունն է բացել ճանապարհները, ԱՄՆ-ն շարունակեր այդ պատժամիջոցը` ելնելով դրա հակառակ դիրքորոշումից: 
 
Բնականաբար ԱՄՆ-ն դա չի կարող անել, պետք է մեր իշխանությունները պահպանեն իրենց դիրքորոշումը, որ կարողնան պահանջել ԱՄՆ-ից պահպանել իր դիրքորոշումը: Ինչ վերաբերում է պնդմանը, թե դա զենքի վաճառք է, դա զենքի վաճառք չէ և չի եղել: ԱՄՆ-ն երբևէ զենք չի վաճառել Ադրբեջանին: ԱՄՆ-ն վաճառել է ռազմածովային ուժերի սարքավորումներ, սահմանային վերահսկողության սարքեր նարկոբիզնեսի պայքարի համար»,- ասաց Պապյանը:
 
Ինչ վերաբերում է ռուսական քաղաքականությանը, քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանը զիջում է իր տեղը Հարավային Կովկասում, և դրանից են բխում իր  քաղաքական որոշումները: «Նա տնտեսապես և քաղաքականապես թուլանում է: Ռուսաստանն այսօր Հարավային Կովկասում ավելի թույլ է, քան Թուրքիան, ռազմականապես ավելի թույլ է քան Թուրքիան` ատոմային բաղադրիչը հանած: Ինչպես Պեսկովն իր ելույթում ասաց, իսկ Պեսկովը Կրեմլի խոսափողն է, իրենց համար առավել ցանկալի է Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում, քան Ֆրանսիայի: Հիմա իրենք հասկանում են, որ չեն կարողանում պահել Հարավային Կովկասը` ներառյալ Հայաստանը, և հանձնում են թուրքերին: Իսկ մեզ ձեռնտո՞ւ է, որ հանձնվենք թուրքերին, եթե ոչ, ուրեմն պետք է այնպես անենք, որ ոչ թե թուրքերի ձեռքն ընկնենք, այլ Արևմուտքի: 
 
Մենք վճարման միջոց ենք Ռուսաստանի համար, այն պահից, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, այլևս ոչ մի նշանակություն չունի Ռուսաստանի համար, դարձել է վճարման միջոց: Ես դեռ տարիներ առաջ ասել եմ, որ Ռուսաստանը Ղարաբաղից բացի այլ վճարման միջոց չունի Ադրբեջանին, քանի որ վերջինիս փող պետք չի, նավթ ու գազ պետք չի, ինքն այդ ամբողջն ունի, միակ վճարման միջոցը Արցախն է»,- ասաց Պապյանը:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական