Այն մարդը, որ Արցախի մեծ մասը հանձնել է, ի՞նչ հայանպաստ պայմանագիր կարող է կնքել. Սուսաննա Սարգսյան
04-06-2021 18:30:34 | Հայաստան | Քաղաքական
Մեր սահմանների իրավիճակը ես գնահատում եմ հակասահմանադրական: ՀՀ բանակը ունի մեկ պարտականություն` պաշտպանել Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, սակայն մենք տարբեր բնույթի տեղեկատվություն ենք ստանում, որ զինվորներին զենք չի տրամադրվում, դիրքերում չունենք համապատասխան կահավորում և այլն: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Հայոց Հայրենիք կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը։
«Հակասահմանադրական ինչի՞ համար: Հայաստանի Հանարապետության այն սահմանները, որ ունեցել ենք մինչև Նիկոլի դավադիր ծրագիրը` դեմարկացիա կատարելու կամ գյուղեր հանձնելու, մենք չենք ունեցել խնդիր որևէ տարածքներ զիջելու: Այն, որ ասում են ադրբեջանցիներ են բնակվել և այլն, դա ի՞նչ է նշանակում: Երևանում էլ են եղել թուրքի թաղեր, սակայն դա չի նշանակում, թե Երևանը թուրքական է: Դա թուրքական քաղաքականությունն է` թուրքերին բնակեցնել հայկական գյուղերում, որ հետո քայքայելը և գրավելը հեշտ լինի: Այդպիսով նրանք Հայաստանը կործանելու ծրագիր են առաջ տարել:
Իսկ այսօր մենք ունենք ՀՀ ղեկավար, ով ասում է` դա ադրբեջանական է: Սա պարզապես անթույլատրելի է, ընդհանրապես նման արտահայտությունն անթույլատրելի է»,- ասաց Սարգսյանը:
Նա ընդգծեց` Հայաստանն այսօր կանգնած է իրավական կոլապսի առաջ. «Ի՞նչ է նշանակում` տարածքներ հանձնել, քարտեզներ բերել: Դու ումի՞ց ես հարցրել, կամ որտեղի՞ց եք որոշել, թե որ քարտեզներով պետք է դեմարկացիա իրականացրել»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Փաշինյանն ասել է, որ ստորագրվեղ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանելու է Հայաստանի շահերին, Սուսաննա Սարգսյանը նկատեց. «Ցույց տվեք մի ծրագիր, որն իրականացվել է և եղել է հայանպաստ: Այն մարդը, որ Արցախի մեծ մասը հանձնել է, ի՞նչ հայանպաստ պայմանագիր կարող է կնքել, կամ Ադրբեջանը ինչո՞ւ պետք է հայանպաստ պայմանագիր կնքի»: